ԿարևորՔաղաքական

Օլանդ. Հայաստանի դիրքորոշումն աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմանների արդյունք է (լրացված)

լրացվել է ժամը 16։19- ին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային մի շարք կարեւոր խնդիրներ հերթական անգամ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների քննարկման օրակարգում էին: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն այսօր համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են հերթական հանդիպման արդյունքները: Հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը նպաստող եւս 7 փաստաթուղթ է ստորագրվել: Միջպետական հարաբերությունները հասել են կարեւոր հանգրվանի` ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ` հագեցած օրակարգերով, արձանագրել են նախագահները: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների հեռանկարներին:

Ի պատասխան ֆրանսիացի լրագրողի հարցի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Արդյո՞ք այս հանդիպմամբ Սերժ Սարգսյանը հակադրվում է Ռուսաստանին` իր հարցում հետաքրքրվեց ֆրանսիացի լրագրողը: Հայաստանն ու Ֆրանսիան կապված են դարավոր բարեկամությամբ, մշակույթով, տնտեսական հարաբերություններով եւ դրանք են այսօրվա հարաբերությունների հիմքը, նախ շեշտեց Սերժ Սարգսյանը, ապա կարծիք հայտնեց, որ որեւէ մեկի համար տարօրինակ չէր Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու ցանկությունը։ «Տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է։ Բացի դրանից՝ մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ բարեկամության պայմանագիր, մենգ գտնվում ենք անվտանգության միեւնույն համակարգում եւ, դրան գումարած, ՄՄ-ն որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներն: Օրինակ` հնարավորություն է տալիս Հայաստան ներկրելու մրցունակ գներով էներգակիրներ, ինչը հնարավորություն է տալիս, մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում, ունենալ մրցունակ ապրանքներ: Սա է մեր որոշման շարժառիթը, սա է մեր որոշման ելակետը»։

Սակայն ՄՄ-ին անդամակցումը չի նշանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների դադարեցում կամ իսպառ վերացում, հստակեցրեց մեր երկրի ղեկավարը: «Ընդհակառակը: Պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում։ Շատ ցանկալի կլիներ, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի ՀՀ-ի համար: Այնպես որ, մենք շարունակելու ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետեւ այդ հարաբերությունները ոչ միայն հնարավորություն են  վերադառնալու մեր արմատներին, այլ նաեւ արագ բարեփոխումներ իրականացնել մեր երկրում»։

«Ֆրանսիան կապված է միջազգային մի սկզբունքի, որ ամեն տեղ ցանկանում է հարգել»,- իր հերթին նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով` Հայաստանի դիրքորոշումն իր աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմանների մեջ լինելու արդյունք է եւ, հասկանալիորեն, դատապարտելու խնդիր չկա: Խնդիրը հասկանալն է», շեշտեց նա:

Պարզվեց նաեւ, որ Հայաստանն ու Ֆրանսիան վերահաստատում են բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցության փոխադարձ ցանկությունը: ԵՄ հետ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղություններով զարգացնելու Հայաստանի պատրաստակամությանն ի պատասխան Ֆրանսուա Օլանդը նշեց, որ Ֆրանսիայի ցանկությունն այս հարցում նույնն է: Այս հանգամանքը բարձր գնահատեց մեր երկրի ղեկավարը։ Ֆրանսուա Օլանդն իր հերթին ասաց, որ ցանկանում է Հայաստանին տեսնել լիովին ասոցացված ԵՄ-ի հետ եւ այդ առումով ամեն ինչ անելու է, որ Եվրոպայի համար առավել ընկալելի լինի Հայաստանի այն առանձնահատուկ իրավիճակը, որում գտնվում է: Օլանդի խոսքով` ԵՄ-ն պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմաններում է ապրում եւ մերձենալու միջոցառումները շարունակի:

«Ֆրանսիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մեջ»,-վստահեցրեց Ֆրանսիայի նախագահը: Նրա ձեւակերպմամբ` պետք է տարբերակված մոտեցում լինի Հայաստանի նկատմամբ: Հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը զուգահեռ պետք է լուծվեն որոշ քաղաքական հարցեր, արձանագրեց նախագահ Օլանդը` շեշտելով Ֆրանսիայի հանձնառությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Իբրեւ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան պատրաստ է ամեն ինչ անել, որ այս հակամարտությունն իր լուծումը գտնի: Թեեւ զինադադար կա, որի 20-ամյակը լրացավ, բայց միայն զինադադարը բավարար չէ: Պետք է լիակատար լուծում գտնել»,-հայտարարեց Ֆրանսիայի նախագահը:

Վերջին շրջանում տեսակետներ են հնչում, որ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները բացասաբար կանդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ մինչ այժմ առկա համագործակցության ու միասնական դիրքորոշում ձեւավորելու ավանդույթի վրա, ինչը կարող է հանգեցնել հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումների վերանայմանը կամ փոփոխությանը: Արձագանքելով լրագրողի այս դիտարկմանը, ինչպես նաեւ համանախագահների վերջին հայտարարությանն առնչվող հարցին` նախագահ Սարգսյանը նախ նկատեց, որ չի կարելի բոլոր հակամարտությունները դիտարկել մեկ հարթության մեջ, հետեւաբար` դրանց լուծման մոտեցումները նույնպես տարբեր են եւ մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են իրենց միասնական կարծիքի մասին։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամաարտահայտության միջոցով: Այս սկզբունքը` ինքնորոշման իրավունքի իրականացման, այլընտրանք չունի: Վերջին այդպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որը որեւէ նոր բան չասաց: Նա ասաց այն, ինչը հիմնականում, ասել էր իր նախագահը տարբեր առիթներով: Նույն մոտեցումը կար նաեւ համանախագահների հայտարարության մեջ` նվիրված հրադադարի 20-ամյակին: Ինչքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունը այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, ինչքան էլ փորձի սկզբունքները մեկնաբանել յուրովի, միեւնույնն է, ոչինչ չի ստացվելու»։

Հայաստանի նախագահը նաեւ շեշտեց, թե չի կիսում այն մոտեցումները, թե տարբեր երկրներ մշտապես երկակի ստանդարտներ են ցուցաբերում: «Դրանք հենց բխում են այդ կոնֆլիկտների պատմությունից, ծագումնաբանությունից եւ նախադրյալներից: Որեւէ փոփոխություն ես չեմ տեսնում, նույնիսկ ամենակոշտ հակամարտության պայմաններում»,- իր խոսքը եզրափակեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Ֆրանսիայի նախագահը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ինքը գտնվելու է Հայաստանում` վերահաստատելով Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում: Նա շեշտեց, որ այս խնդրում կա մեկ լուծում` Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը:

Back to top button