ԿարևորՄշակույթ

Լեռնային պարը` վանդալիզմի զոհ. ահազանգում են արվեստագետները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Դեռ անցյալ տարվանից Դվին հյուրանոցի բակում կանգնեցված «Լեռնային պար» հայտնի քանդակի ներկան ու ճակատագիրը քննարկման թեմա դարձավ: Պղնձաձույլ 4 մետր բարձրություն ունեցող քանդակը դեկորատիվ առաջին քանդակներից էր, որ ուներ ազգային բնութագիր: Սակայն նախորդ տարի քանդակը վանդալների զոհը դարձավ։ Տեղի ունեցածը դատապարտեցին արվեստասերներն ու մշակութային գործիչների կողմից, քանդակի վերկանգնման և ապագա ճակատագրի հարցը բարձրացվեց պատկան ատյաններում, սակայն մեկ տարի անց անգամ` սայլը տեղից չի շարժվել։ Արձանախումբը Դվին հյուրանոցի շինհրապարակում անմխիթար ու անորոշ ճակատագրով կանգնած այսօր սպասում է պատկան այրերի կամ էլ տարածքի սեփականատիրոջ գթասրտությանը։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այսօր խոսելով երաժշտական դաշտում ստեղծված վիճակի մասին և այն համադրելով «Լեռնային պար» քանդակի ճակատագրի անորոշության հետ նկատեց՝ մշակույթը զինուժի դեր է կատարում, որը մեր օրերում փոխել է իր նշանակությունը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Դվին հյուրանոցի նախագծի համահեղինակ Աշոտ Ալեքսանյանն էլ խոսելով հայ ճարտարապետական արժեքների խեղաթյուրման ու ստեղծագործող մարդկանց նկատմամբ անահարգալից վերաբերմունքից, բարձրաձայնում է. «Մեզ հարկավոր չէ գումար, մենք աշխատում ենք մնայուն ու արժեքավոր գործեր նախագծելով, որոնք փոխանցելով սերուդներին կերտում ենք պատմություն, իսկ ներկայիս վիճակը ոչնչացնում է մի ամբողջ ճարտարապետական դարաշրջան` առանց հաշվի առնելով հեղինակների տեսակետները»։

Քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը շարունակելով ընկերների տեսակետը հավելում է, որ խնդրի մասին բարձրաձայնվել է բոլոր շահագրգիռ ատյաններում՝ մշակույթի նախարարությունից մինչև Երեւանի քաղաքապետարան, բոլորն էլ գլուխ են ճոճում ու ափսոսանք հայտնում ու սպասում Դվինի սեփականատերերի գթասրտությանը: Ի դեպ՝ հյուրանոցի շենքը համանախագծող Աշոտ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ինքը Դվինի նոր կառուցապատման վերաբերյալ որոշ էսքիզներ կատարել է սեփականատեր «Հարավ-կովկասյան ընկերության» ներկայացուցչի խնդրանքով, սակայն էսքիզները նախագիծ չեն դարձել ու տեսականը գործնականի չի վերածվել։

Գրականագետ Հենրիկ Էդոյանի ձեւակերպմամբ՝ ստեղծված երևույթը սիմպտոմատիկ է, ու արձանի օրինակով տեսնում ենք այն վերաբերմունքը, որ կա ողջ մշակութային նկատմամբ։ Էդոյանը  Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» արձանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը որակեց վանդալիզմ՝ ասելով՝ ինչո՞ւ եք արհամարհում մարդու ստեղծագործությունը, չէ՞ որ դա կենսագրություն է: «Հասկանում եմ Տիգրանի վիճակը, դա նույն է, որ իմ գրած գիրքը կամ Արամ Սաթյանի երաժշտությունը ոչնչացվի: Խնդրելով պահանջում եմ՝ վերականգնել արձանը»,- խոսքը եզրափակեց գրականագետը։

Back to top button