Հասարակություն

Երևանի Մաշտոցի պողոտային հարող պուրակը այսուհետ կկրի Միսակ Մանուշյանի անունը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներն այսօր մասնակցել են Երևանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս, հայազգի անվանի բանաստեղծ Միսակ Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջել են, որպեսզի պուրակը կոչվի Մաշտոցի անունով:

Երկարատև հորդ անձրևը, թվում էր, պիտի խափաներ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Երևանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը Միսակ Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը: Բայց ինչպես նակատեց Ֆրանսիայի նախագահ Օլանդը, հայ-ֆրանսիական բարեկամությունն ավելի ուժեղ գտնվեց: Անձրևային եղանակի պատճառովով նախագահներն, այդուհանդերձ, նախատեսված ծավալուն ելույթների փոխարեն հանդես եկան սեղմ ողջույններով.«Ցեղասպանությունից հրաշքով փրկված Միսակ Մանուշյանը եկավ Ֆրանսիա՝ փախչելով արյունալի ջարդերից: Իսկ մի քանի տարի անց, երբ բռնությունը պատուհասեց Ֆրանսիային, նա զենք վերցրեց հանուն իրեն օթևան տված երկրի ազատության՝ առանց մեկ վայրկյան անգամ մոռանալով իր հայրենիքը»:

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդն իր խոսքում նաև ընդգծեց, որ երբեք չեն մոռանում այն ամենն, ինչ արեց հայզգի հերոսը Ֆրանսիայի համար
Պուրակի անվանակոչման արարողությանն այսօր առանձնակի շուք հաղորդեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը Հյաստանի կամերային երգչախմբի կատարմամբ: Խոսքերի հեղինակը Լուի Արագոնն է, ում ոգեշնչել է Միսակ Մանուշյանի նամակն ուղղված կնոջը:

Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ:

Երևանի Մաշտոցի պողոտային հարող պուրակը նույնպես այսուհետ կկրի Միսակ Մանուշյանի անունը, որպես հայ-ֆրանսիական բարեկամության, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների խորհրդանիշ:

Back to top button