ԿարևորՔաղաքական

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր ԱԺ-ը շարունակեց արտահերթ նստաշրջանը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ այս հարցի քննարկման համար սահմանվել է 24-ժամյա ռեժիմ, այնպես որ երկրորդ ընթերցումը նույնպես կկազմակերպվի այս արտահերթի ընթացքում: Խորհրդարանն այսօր քննարկեց նաեւ մի օրինագիծ, համաձայն որի դատական համակարգում մտցվելու է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը:

Միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանում կողմ քվեարկեցին Կենսաթոշակների կուտակային «պարտադիր» բաղադրիչից դիմումով հրաժարվելու իրավունք տվող նախագիծին: Ընդունելով, որ այս կառավարությունը նախորդի կարծր դիրքերից զիջում է արել, բայց եւ մնացել են բազմաթիվ չլուծված հարցեր Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր եւ Դաշնակցություն խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին` չկարողանալով դեմ լինել ընդառաջ արված կես քայլին: Լսենք Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանին եւ Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանին:

Նախագծին դեմ քվեարկողներից էին ՀԱԿ, Ժառանգություն խմբակցություններն ու Օրինաց Երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ նախագծով լուծվում են միայն ակտիվ քաղաքացիների իրավունքները, մյուսներն, ովքեր դիմում չեն գրի` ինչ-ինչ պատճառներով, այդպես էլ կշարունակեն մնալ «պարտադիր բաղադրիչի» տիրույթում: Նա արտահերթ նիստի կողմնակից է այս հարցով, բայց իրենց նախագծով:

Այսքանից հետո, օրենքը ամեն դեպքում առաջին ընթերցմամբ ընդունվեց` 68 կողմ, 12 դեմ եւ 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում:

Back to top button