ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան սատարում է երկրների տարածքային ամբողջականությունը, Բաքվում հայտարարել է Ֆրանսուա Օլանդը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր այցը Ադրբեջան և Հայաստան ջանք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին: Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը նշել է, որ Ֆրանսիան սատարում է երկրների տարածքային ամբողջականությունը և հակամարտությունների կարգավորմանը հենց այդ սկզբունքի հիման վրա:

Հիշեցնելով, որ մայիսի 12-ին ինքը ժամանում է Հայաստանը, Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության 20 տարիների ընթացքում չի նկատվել առաջընթաց: «Ֆրանսիայի ուսերին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի, մեծ պատասխանատվություն է դրված: Մենք կշարունակենք երկխոսությունը նաև Հայաստանում: Ֆրանսիան ջանքեր է գործադրում հակամարտության փուլ առ փուլ կարգավորման ուղղությամբ, ինչը վկայում է վստահության առկայության մասին»,- Օլանդի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր երկիրը բարեկամական հարաբերություններ ունի և Արդբեջանի, և Հայաստանի հետ ու չի կարող ընտրություն կատարել երկու երկրների միջև: «Մենք առաջարկել ենք նորովի մոտենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ֆրանսիան միշտ էլ հանդես է եկել այդպիսի նախաձեռնություններով: Մենք առանձնացնում ենք նաև ուկրաինական խնդիրը, սկզբունքները պետք է ընդհանուր լինեն: Առաջիկա օրերին մենք կոնկրետ որոշում կկայացնենք նաև ուկրաինական ճգնաժամի հետ կապված»,- Բաքվում ասել է Ֆրանսիայի նախագահը:

Back to top button