ԿարևորՔաղաքական

Փոխարտգործնախարարի արձագանքը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը

«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չի մտահոգում այդ հայտարարության մեջ որոշ արտահայտությունների առկայությունը: Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյին անդրադարձին է վերաբերում, Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները. «Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն և ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել»:

Շարունակելով` Շ.Քոչարյանն ասաց, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այս, ձևաչափում ընգրկված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում. «Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար, այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց նա:

Փոխարտգործնախարարը նաև հավելեց` այնպես, որ միանշանակ է, թե ով է ձգտում ազատվել այդ ձևաչափից: Նաև հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձևաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:

Back to top button