ԿարևորՏնտեսականՔաղաքական

Նպատակը տնտեսական համագործակցությունը քաղաքականի մակարդակին հասցնելն է. հայ- ֆրանսիական գործարար համաժողովը

 

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի  պետական այցի մեկնարկը տրվել է հայ- ֆրանսիական համաժողովի բացմամբ:  Այսօր և վաղը հայ ու ֆրանսիացի գործարարները կքննարկեն  տնտեսական համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավոր ուղիները: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է մոտ 40 ֆրանսիական ընկերություն, հայկական կողմը ներկայացնում է ավելի քան 180 ընկերություն: Համաժողովի մասնակիցներին ելույթով դիմել են հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրանք ընդգծել են, որ համաժողովի նպատակը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելն է: Նախագահները պատասխանել են նաև գործարար համայանքի ներկայացուցիչների հարցերին:

Այն, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի  պետական այցը մեկնարկում է տնտեսական համաժողովի բացմամբ, պատահական չէ ՝ իր խոսքում նշեց Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ՝ պետական այցի կարևոր բաղադրիչը հենց տնտեսականն է, իսկ հիմնական նպատակը ՝ տնտեսական համագործակցության մակարդակը քաղաքականին համապատասխանեցնելը: «Թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին:Ուրախ եմ, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ»:

Գրեթե նույն ընդգծումն իր խոսքում արեց  նաև Ֆրանսիայի նախագահը: Ըստ Ֆրանսուա Օլանդի ՝ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին ու խնդիրը, այսպես կոչված, տնտեսական դիվանագիտության զարգացումն է: Ի դեպ՝ նրա դիտարկմամբ՝ այս հարցում լուրջ դերակատարում  կարող են ունենալ ֆրանսահայ գործարարները:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նաև  հիշեցրեց, որ ֆրանսիական գործարար համայնքը Հայաստանում ներկայացված է մոտ 180 ընկերությունով, դրանցից 20-ը խոշոր ընկերություններ են ՝այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը» և ուրիշներ:  Նրանց ցանկը շուտով կհամլրի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Ընդհանուր առմամբ՝ վերջին 6 տարիների ընթացքում ֆրանսիական ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է 1 մլդ դոլարի սահմանագիծը:  Այս ցուցանիշը, սակայն, երկու երկրների նախագահների դիտարկմամբ՝  բավարար չի կարող համարվել:

Իսկ նոր ներդրումների համար Հայաստանը գրավիչ է նաև իր եվրասիական հեռանկարով: Այս համատեքստում տնտեսական հարաբերությունների մասին խոսելով ՝ նախագահը ընդգծեց. Մաքսային միության անդամակցությամբ ԵՄ դերակատարումը Հայաստանի համար չի նվազում, իսկ եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում։ «Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին»:

Հայ և ֆրանսիացի գործարարները նախագահներին երկուական հարց ուղղելու հնարավորություն ունեցան: Ֆրանսիայի գործատուների  միության նախագահ Ֆիլիպ Գոթիեին  գրավել էր հենց Հայաստանի միջոցով 200 մլն բնակչություն ունեցող եվրասիական շուկա դուրս գալու հնարավորությունը:  Ի՞նչ արտոնություններ է Հայաստանն առաջարկում օտարերկրյա  ներդրողներին՝ հարցերց ֆրանսիացի գործարարը: «Փաստորեն՝ Դուք նշեցին 200 միլիոնանոց շուկայի մասին: Ես ավելացնեմ, որ Հայաստանն օգտվում է նաև արտոնությունների ընդհանուր համակարգի՝ GSP+ ռեժիմից : Բացի դրանից՝ ՄՄ անդամակացությունը Հայաստանին հնարավորորւթյուն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել հանրապետություն, ինչը նույնպես մեծ խթան է ներդրողների համար»:

Նմանատիպ մի հարց էլ հնչեց հայկական կողմից ՝ ի՞նչ է առաջարկում ֆրանսիական կառավարությունը հայ ներդրողներին ու գործարարներին, ինչպե՞ս կարող են ավելի լայն ներկայացնել հայկական արտադրանքը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝  Եվրոպան պետք է հասկանա  Հայաստանի տնտեսական ու քաղաքական յուրահատկությունը և համագործակցության հատուկ պայմաններ սահմանի: Ֆրանսուա Օլանդն  իր երկրի դերակատարումը տեսնում է հենց այդ օժանդակության հարցում. ԵՄ– Հայաստան  բանակցությունների ընթացքում Ֆրանսիան կջանա օգնել Հայաստանի հետ համագործակցության հատուկ պայմաններ ձևավորելու հարցում՝ ասաց Ֆրանսիայի նախագահը:

Հայ –ֆրանսիական համաժողովի  շրջանակներում կազմակերպվելու է երկու կլոր սեղան: Առաջինի թեման առևտուրն ու ծառայություններն են, երկրորդինը ՝ ենթակառուցվածքները տրանսպորտի, հեռահաղորդակցության, քաղաքաշինության ոլորտներում: Սրանք այն ուղղություններն են , որոնք հետաքրքրում են ֆրանսիացի գործարարներին:

Նշենք նաև, որ ներդրումների  ծավալով Ֆրանսիան երկրորդն է Ռուսաստանից հետո: 2013 թ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 26 մլն դոլար, արտահանումը ՝ 4.3, ներմուծումը 21.8 մլն: Ֆրանսիական ներդրումները 2013-ին կազմել են մոտ 100 մլն դոլար:

Back to top button