Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերդարաձ» ֆիլմը ևս խոսեց միջազգային լեզվով


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերդարաձ» ֆիլմը ևս խոսեց միջազգային լեզվով: Շվեցարիայի Նիոն քաղաքում օրերս կայացած վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» Ֆիլմի հերոսը Հայկն է՝ բարդ ու հակասական մի կերպար, ով հեռացել է Հայաստանից ու հարատև դեգերումների մեջ է Ռուսաստանի հեռավոր անկյուննեում: Ապրում է մենակ, բայց իրեն միայնակ մարդ չի համարում: «Մենակ չեմ, պատմության, ժամանակի հետ եմ ապրում»,-ասում է Հայկը՝ յուրովի մեկնաբանելով իր անվերջ փախուստն ու հավերժ վերադարձը: «Այս ֆիլմն ինձ համար լուրջ էքսպերիմենտ էր, իր ծնունդով ու կառուցվածքով՝ բավականին տարօրինակ: Ֆիլմը սկսել եմ 1987 թվականին ու ավարտել 2013-ին: 23 տարի հետևել եմ ֆիլմի հերոսներին, 6-7 տարին մեկ գնացել, գտել եմ նրանց ու նկարել՝ փորձելով բացահայտել նրանց հոգին, միտքը, կենսակերպը, ցավերը: Ինչ որ առումով և՛ հոգեբան էի, և՛ ուսումնասիրող, և՛ գիտնական»,-պատմում է Հարություն Խաչատրյանը:
«Ասեմ, որ հերոսներս շատ տարօրինակ մարդիկ են, մի մասը՝ արվեստագետներ, մի մասը պարզ զբաղմունքի տեր մարդիկ, որոնք ընկել են աշխարհի բերանը կամ ալրաղացի մեջ ու մաղվում են՝ փոխելով կամ չփոխելով իրենց մարդկային, ազգային տեսակը: Խոսեցիք ռիսկի մասին: Իհարկե՛, չափազանց մեծ էր այդ ռիսկը: Հերոսներս կարող էին փոխվել, ես ինքս փոխվեցի: Երբ ֆիլմը սկսեցի 32 տարեկան էի, ավարտեցի 58 տարեկանում. Արդյո՞ք ես նույն մարդն էի, իհարկե՝ ոչ: Առաջին ֆիլմի հերոսը , ինչպես նշվեց, Հայկն էր: Տարիներ շարունակ ֆիլմը չէր նկարվում, որովհետև նա պարզապես չէր ցանկանում: Որոշ ժամանակահատված նա ընդհանապես կորած էր, ոչ մի տեղեկություն չունեինք նրա մասին: Ամեն անգամ կրկին հայտնաբերում էինք ու շարունակում նկարահանումները»:
Մեկ սիրում էի Հայկին, մեկ՝ ատում, մեկ խղճում էի նրան, մեկ՝ հիասթափվում, բարդ հարաբերություններ էին, ինքը բարդ, ես՝ բարդ: Մեր հարաբերությունները մի առանձին կինո էր: Ֆիլմն իր կառուցվածքով ևս բարդ է, որովհետև տարբեր ժամանակներ, տրամադրություններ է ընդգրկում: Կինոյում, արվեստում, ընդհանրապես, ամենամնայուն արժեքը ժամանակի մթնոլորտը ճիշտ պատկերելն է,-ասում է ռեժիսորը:
«Սա իմ առաջին շատախոս ֆիլմն է, որովհետև խոսքն ինձ համար երքեք չի եղել հիմնական արտահայտչամիջոց: Այդ առումով ևս այս աշխատանքն ինձ վախեցնում էր, որովհետև այն հիմնականում կառուցված է խոսքի վրա, հերոսը ամեն ինչ փոխանցում է խոսքի միջոցով: Ես մտավախություն ունեի, որ շատերը չեն հասկանա, կամ չեն ընդունի այս ֆիլմը: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը 2013-ին ցուցադրվեց Երևանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Հանդիսատեսի մի մասը հավանեց, մի մասը՝ ասաց, որ հիացած է ու սա համարում է ֆիլմերի ֆիլմը, ոմանք ընդհանրապես չհավանեցին, բայց ակնհայտ էր, որ հայ հանդիսատեսը հասկացել է ֆիլմը»:
Ռեժիսորը լուրջ մտահոգություններ ուներ ֆիլմը միջազգային ցուցադրության ներկայացնելուց առաջ: Կաննի փառատոնի ռեժիսորական ծրագրում ֆիլմը ներկայացնելու ընթացքում պարզվեց, որ մարդիկ չեն հասցնում կարդալ թարգմանված տեքստը և հերոսի ասելիքը պարզապես տեղ չի հասնում: Դրան հաջորդեց թարգմանությունների երկար փուլը, անգամ հուսահատություն կար, որ լինելով հետաքրքիր, ֆիլմը, փաստորեն, միայն Հայաստանի համար է:
Բայց վերջին թարգմանությունից հետո «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ճանապարհ բռնեց դեպի Նիոնի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, որը վավերագրական կինոյի աշխարհի խոշորագույն փառատոններից մեկն է: Ի դեպ, Հարություն Խաչատրյանն այս փառատոնում ստացել է իր առաջին միջազգային մրցանակը «Կոնդ» ֆիլմի համար:
Նիոնի փառատոնում կայացած ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո հեղինակավոր բազմաթիվ փառատոններում մրցանակների արժանացած ռեժիսորն այս անգամ էլ հանգիստ շունչ քաշեց . Փաստորեն ֆիլմի, նրա բնորոշմամբ, շատախոս հերոսը ևս կարողացավ պատմել իր պատմությունը նաև ոչ հայալեզու մարդկանց: Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերդարաձ» ֆիլմը ևս խոսեց միջազգային լեզվով՝ ճանապարհ հարթելով ոչ միայն տվյալ ֆիլմի ու ռեժիսորի մյուս աշխատանքների համար, այլև հայ կինոյի համար ընդհանրապես: Մնում է գրավել միայն հայ կինոյի համար, թերևս բարդագույն բարձունքը, որը կոչվում է հայկական հեռուստաեթեր: