ԿարևորՔաղաքական

Կուտակային կենսաթոշակների օրենքի փոփոխությունները քննարկվում են արտահերթ ռեժիմով

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Աժ արտահերթ նիստ, որի օրակարգում մի շարք կարեւոր նախագծեր են։ Հիմնական սպասելիքները, սակայն, կենսաթոշակային բարեփոխումների նախագծի հետ է կապված: Նիստից առաջ այսօր պատգամավորներին բաժանվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասիննախագիծ, որը մշակվել է քաղաքական ուժերի առաջարկությունների հիման վրա: Նախնական տարբերակից այն էականորեն տարբերվում է, ասում են պատգամավորները: Այս հարցում, սակայն, ընդդիմադիր քառյակի կարծիքները տարբերվում են:

ԱԺ նախորդ նիստից հետո կիսատ մնացած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու քննարկումն այսօր շարունակվեց արտահերթում, բայց ընթացքն այլ ստացվեց: Պարզվում է` կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել նախորդից էականորեն տարբերվող փոփոխությունների մի նոր փաթեթ, որտեղ ներառել է նաեւ քաղաքական տարբեր ուժերի առաջարկները: Դաշնակցությունը նշում է, որ չի կարող դեմ լինել առաջարկվող նոր փոփոխություններին, թեեւ դրանք լիովին վերացված չեն, խմբակցության անունից հայտարարում է Արծվիկ Մինասյանը:

«Հստակեցվել է մի կարեւոր հանգամանք եւ սա, կարծում եմ, բոլորիս ձեռքբերումն է: Օրենքի քաղաքացու կամահայտնության դրույթը ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից: Այսինքն` այս օրենքը հետադարձ ուժ է ստանում: Բոլոր այն գործատուները, ովքեր չեն փոխանցել գումարներ, նրանք ազատվում են այս օրենքով փոխանցելու պարտավորությունից: Իրենց աշխատակիցներին կարեղ են հետ վերադարձնել գումարները, իսկ եթե տվել են գումարները իրենց աշխատակիցներին, պարզապես անհրաժեշտ է աշխատակիցների դիմումները վերցնել եւ դա կլինի ամբողջությամբ արդեն օրինական: Սա այն կարեւոր դրույթն է, որը վերահաստատում է մեր բոլորի մոտեցումը: Պարտադիր կուտակային համակարգը չկա»,- ասաց նա։

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը կողմնակից չէ այսպիսի կտրուկ հայտարարությունների։ «Ես դեմ եմ այն պատգամավորների ելույթներին, որ միանշանակ ասում են պարտադիր չկա կամ պարտադիր կա: Հիմա հարց եմ տալիս. այն քաղաքացին, որը դիմում չի գրում, որ իր պարտադիր կուտակային վճարը չպահեն, նրա համար պարտադիրը կա՞, թե՞ ոչ: Մենք գործող օրենքում մինչեւ սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը: Եթե նա դիմում չի գրում, սա չի նշանակում, որ նա շարժվում է գործող օրենքով»։

Այսօր փոփոխությունների նոր փաթեթում կարեւորվում է աշխատողի կողմից գործատուին դիմում գրելու անհրաժեշտությունը` կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելու համար: ԱԺ ամբիոնից այսօր արդեն նաեւ ներկայկացվում էր, թե ինչ ինֆորմացիա պետք է պարունակի այդ դիմումը։ «Շատ հստակ նկարագրվում է, թե դիմումը ինչ պետք է իր մեջ ներառի: Այն է` գործատուի անվանումը, դիմումատուի անուն-ազգանունը, անձնագրի սերիան, համարը, ծննդյան տարեթիվը եւ ամսաթիվը, հանրային ծառայության համարինիշը կամ դրա բացակայության մասին տեղեկանքը: Երկրորդ` դիմումատուի կոնտակտային տվյալներն են անհրաժեշտ` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, բնակչության վայր եւ այլն: Դիմումը ներկայացնելու տարին, ամսաթիվը եւ դիմումատուի ստորագրությունը: Եվ նշում այն մասին, որ դիմումատուն կամ աշխատակիցը չի ցանկանում հաշվարկել եւ փոխանցել իր աշխատավարձից որեւէ վճար»,- բացատրում է Արծվիկ Մինասյանը։

Դաշնակցության գոհունակությունն այս հարցում չեն կիսում ՀԱԿ խմբակցությունում: Լեւոն Զուրաբյանը կառավարության այս քայլում թաքնված նպատակներ է տեսնում եւ քայլը համարում է խաբեություն։ «Մեզ ոչ թե փորձում են վերադարձնել մեր գումարները, այլ փորձում են մեզ հետ բանակցել` ինքան հնարավոր է քիչ գումար վերադարձնելու ճանապարհների շուրջ: Ակնհայտ է, որ դիմում գրելու իրավունքից կօգտվեն շատ քիչ, ակտիվ եւ գիտակից քաղաքացիներ: Մնացած պասիվ մեծամասնությանը կարելի է բանի տեղ չդնել»։

Այսպիսով՝ ՀԱԿ-ը մտադրվել է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած այս առաջարկին` համարելով դրանք կիսաքայլեր: Այս հարցում «Օրինաց երկիր» խմբակցությունն ունի իր առանձին նախագիծը, որը արդեն դրել է շրջանառության մեջ եւ ակնկալում է գործընկերների առաջարկությունը: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում ՕԵԿ-ն առաջարկում է մոտ 40 փոփոխություն եւ առաջարկում է ընդհանրապես վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը: ԲՀԿ-ն առայժմ չգիտի, թե ինչպես է քվեարկելու. ամեն ինչ կախված է հետագա պարզաբանումներից:

Նշենք, որ այս հարցի` առաջինից երկրորդ ընթերցում անցնելու համար կառավարությունը սահմանել է քննարկման 24-ժամյա ռեժիմ: Սա նշանակում է, որ հարցի քննարկումը կշարունակվի վաղը: Ինչ վերաբերում է ԱԺ անցուդարձին, ապա այսօր հայտարարվեց, որ փոխվել են ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Այսուհետ պաշտոնները համապատասխանաբար կզբաղեցնեն Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մելիքյանը: Ի դեպ՝ հետաքրքրական է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ չի մեկնել Աթենք եւ չի մասնակցում Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի լիագումար նիստին։ Աժ-ից պատվիրակության չբացակայելու որոշումը կայացրել է անձամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «Ես կարծում եմ, որ ԱԺ բնականոն աշխատանքը կազմակերպելու համար քառօրյա նիստերից շատ բացառիկ դեպքերում հնարավոր կլինի գործուղումներ գնալ պատգամավորներին: Սա է հիմնականում խնդիրը»,- ասաց։

Back to top button