Հասարակություն

Խոշտանգումների կանխմանը նվիրված ձեռնարկ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայերենով և անգլերենով հրատարակել է «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերլուծական ձեռնարկը։ Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը և Տիգրան Խաչիկյանը:

Ուղեցույցը նվիրված է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպման և իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:

Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:

«Ուղեցույցում արվել են նաև որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում, և այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման և հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է»,- ասում է Վահրամ Շահինյանը։

Ձեռնարկի գիտական խմբագիրը լիահույս է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:  Ասենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:

Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դատական-դատախազական աշխատողների, քրեական և քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար, կարծում են ձեռնարկի հեղինակները։

Back to top button