Մշակույթ

Զինադադարի 20- րդ տարում տարածվել է «Միասին» երգը. այն գրվել է Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում

Երեւանի «Եվրոպական ինտեգրացիա», Բաքվի «Հումանիտար հետազոտությունների հանրություն» եւ Ստեփանակերտի «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Միասին 2» խաղաղասիրական ծրագրի շրջանակներում պատրաստվել է ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտների և բանաստեղծների համատեղ ջանքերով գրված «Միասին» երգի անգլերեն տարբերակը։

Այն կատարում են Բաքվից Եվգենիա Տիմչենկոն, Ստեփանակերից Նարինե Գրիգորյանը եւ Երեւանից Գայանե Սարգսյանը։ Երգը տարածվում է այսօր եւ դա խորհրդանշական է, քանի որ այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը:

«Միասին 2», ինչպես նաև դրան նախորդած «Միասին» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտները, պոետները, դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչներն ու «քլիփմեյքերները» ներկայացրել են «Խաղաղություն» թեմայով իրենց գաղափարներն ու աշխատանքները։

«Միասին» ծրագրի շրջանակներում 2012թ.-ին արդեն իսկ տարածվել էր «Միասին» երգի ռուսերեն տարբերակը։ Նշենք, որ «Միասին» ծրագրի երգը (և՜ ռուսերեն, և՜ անգլերեն տարբերակները), լոգոտիպը, կարգախոսը, տեսահոլովակն ու լուսանկարը մասնակից կողմերի ներկայացուցիչների համահեղինակության արդյունք են:

«Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները մասնակցել են ծրագրին միայն ու միայն գաղափարական շարժառիթով: Շահագրգռող որևէ այլ բաղկացուցիչ ծրագրով նախատեսված չի եղել: Կազմակերպիչներին և մասնակիցներին միավորում է ընդհանուր հավատը, որ նման ծրագրերը թեկուզ մեկ քայլով, մեկ նոտայով մոտեցնում են բոլորիս կողմից երկար սպասված խաղաղությունը»,- ասված է ,Եվրոպական ինտեգրացիաե ՀԿ հաղորդագրության մեջ։

Back to top button