Քաղաքական

Բակո Սահակյան. Ադրբեջանն ստիպված էր հրադադարի գնալ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

1994թ. ապրիլի 15-ին կայացավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստը։ Նիստում ընդունվեց հայտարարություն, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվում սեղմ ժամկետում դադարեցնել ռազմական գործողությունները եւ հաստատել զինադադարի ռեժիմ։ Դրանից հետո վեհաժողովն ավելի մասնավորեցրեց իր անելիքները։ Ուշագրավ է, որ արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտության լիիրավ կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող կողմ։

Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պատվիրակությունների ղեկավարներից բացի փաստաթուղթը ստորագրել էին Ղըրղզստանի մեջլիսի եւ ՌԴ Պետդումայի նախագահները։ Այդպիսով՝ Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսի 12-ին ադրբեջանա- ղարաբաղյան ճակատում ուժի մեջ մտավ զինադադարը, որը շուրջ երկու տասնամյակ է ինչ պահպանվում է՝ բացառապես հակամարտ կողմերի ռազմական հաշվեկշռի շնորհիվ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անդորր է տիրում։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակայանը «Ռադիլուրի» հետ զրուցում նշում է, որ Ադրբեջանը ստիպված էր հրադադարի գնալ: Եթե չլիներ հրադադարի մասին համաձայնագիրը,ապա այդ պետության ապագան մշուշոտ էր լինելու:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք Մարտիրսյանն ասում է, որ չնայած այսօր կատարյալ խաղաղություն չունենք, քանի որ հակառակորդի կողմից սահմանային դիրքերում երբեմն արձանագրվող խախտումների արդյուքնում լինում են նաև զոհեր,սակայն «20 տարվա գրեթե խաղաղությունը թույլ տվեց վերաշինել, պայծառացնել Արցախի Հանրապետությունը»։

Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ նշել են՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պիտի բխի պատմական իրավունքներից, փաստացի իրավիճակից, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակայանը ասում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհնար է հակամարտության լիարժեք կարգավորման հասնել։

Back to top button