Հասարակություն

Արցախի ազգային վիճակախաղի առաջին խաղարկությանը ակտիվորեն մասնակցել են նաև լոսանջելեսահայերը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Արցախի ազգային վիճակախաղի առաջին խաղարկությանը ակտիվորեն մասնակցել են նաև լոսանջելեսահայերը: ԱՄՆ արևմտյան ափում վաճառվել է 15 հազար տոմս: Դրանք սպառվել են շատ արագ: Ամերիկահայերը շահել են 18 գորգ և Հայաստանում ու Արցախում շրջագայելու մեկ տուրիստական ուղեգիր: Շահումներն օրերս հանձնվեցին տերերին: Նրանք չթաքցր հիացմունքը արցախյան ձեռահյուս գորգերի գեղեցկությամբ, համոզմունք հայտնելով, որ այդ գորգերը կարող են ուշադրություն գրավել նաև համաշխարհային շուկայում` և ներդաշնակ գույների, և պատկերների ժամանակակից ու ավանդական լուծումների համադրմամբ:

Հիշեցնենք, որ Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունը տեղի ունեցավ 2013-ի դեկտեմբերին: Թողարկվել էր 300 հազար տոմս, սպառվել է 269 հազարը:  Հայաստանում և Արցախում իրացումից բացի, վիճակախաղին մասնակցել են նաև Սփյուռքի հայաշատ համայնքների մեր հայրենակիցները: Տոմսերը վաճառվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Վիճակախաղի հասույթն ուղղվել է Արցախում սոցիալական խնդիրների լուծմանը` կառուցվում են տասնյակ առանձնատներ անօթևանների համար, նախատեսվում է իրականացնել նաև բիզնես-ծրագրեր` աշխատատեղեր ստեղծելու, գործազրկությունը կրճատելու համար: Գորգագործության շնորհիվ արդեն իսկ տասնյակ արցախցի տիկիններ ապահովվել են աշխատանքով, հայտնեց Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը:

 

 

Back to top button