Քաղաքական

Արմեն Մարտիրոսյան.«Ձեւավորված կառավարությունը պետական շահերի հետ կապ չունեցող է լինելու»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ձեւավորված կառավարությունը պետական շահերի հետ կապ չունեցող է լինելու: Այս համոզմունքին է ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` տեղի է ունեցել իշխանության ներսում կարկանդակի շուրջ հերթական դասավորություն, որից քաղաքացիներին ոչինչ չի հասնելու: Երկրում կուտակված խնդիրների լուծումն էլ ընդդիմադիր գործիչը պայմանավորում է զուտ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով միայն: Մանավանդ, ըստ նրա, առկա ներքին խնդիրներին գումարվել են նաեւ արտաքին քաղաքական խնդիրները:

Արտաքին աշխարհում Հայաստանը դարձել է անձայն, լուռ երկիր` բնութագրեց ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` այդ լռությունը մի փոքր խախտվում է Ֆրանսիայի նախագահի այցով, բայց դա չի կարող, մեծ առումով, երկիրը դուրս բերել մեկուսացումից:
«Աշխարհում որեւէ մեկը թույլ չի տա, որ 4 տարի բանակցես, հետո` քայլ կատարես այլ ուղղությամբ»:
Համաշխարհային քաղաքականության օրակարգից Հայաստանը կամաց դուրս է գալիս` մտնելով ուրիշների խաղերի մեջ ու չկարողանալով պաշտպանել իր շահերը: Ընդդիմադիր գործչի կարծիքով` հենց դրա մասին է վկայում նաեւ վերջին օրերին հնչած կոնկրետ երկու հայտնի հայտարարություն: Խոսքը, նախեւառաջ, ՌԴ դեսպանի արած հայտարարության մասին է:

«Ռուսաստանի դեսպանն այլեւս ուղղություն է տալիս, թե մենք ինչպիսի ներքին քաղաքականություն պետք է վարենք: Հասարակական կազմակերպությունների հետ կապված պետության քաղաքականությունը, դա ակնհայտ ներքին քաղաքականության ակնհայտ դրսեւորումներից է»:
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանում պետք է չեզոքացնել այն ՀԿ-ները, որոնք, նրա ձեւակերպմամբ, սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Նման անթույլատրելի ու անընդունելի հայտարարությունը համարժեք գնահատական չի ստանում` նկատում է Արմեն Մարտիրոսյանը: Ժառանգության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությանը:

«Որեւէ նորություն ինձ համար չկար: Այսօր արդեն ԵԱՀԿ դեսպանների համատեղ հայտարարության շրջանակն է ցույց տալիս, որ դեսպան Ուորլիքի մոտեցումն առանձնահատուկ ինչ-որ մոտեցում չի եղել: Այն 6 կետերը, որ հայտնեց դեսպանը, դրանք Մադրիդյան սկզբունքների շրջանակում են»:
Ժառանգության ներկայացուցիչը շեշտեց նաեւ, որ իրենց համար Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ուստի` միանշանակորեն քննարկելի հարց չեն համարում ԼՂ անկախությունը, ազատագրված տարածքների խնդիրը, որոնք նաեւ անվտանգության լավագույն երաշխիքն են:

Արմեն Մարտիրոսյանը դեսպան Ուորլիքի հայտարարության շուրջ աղմուկը հասկանալի է համարում` աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Միաժամանակ, նա նկատեց, որ դրանում մի դրական մոտեցում, այնուամենայնիվ, կար. «Ըստ էության, միանշանակ ընդունվում է ԼՂ-ի` առանձին սուբյեկտ լինելու հանգամանքը եւ նրա` անկախ քաղաքականություն վարելու իրավունքը: Այդ մոտեցումը ոչ միայն խոսքով է, այլ նաեւ, կարծես թե, գործով է ապացուցվում` մենք մայիսի 8-ին ունեցանք ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂ անկախությունը»:

Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ Ուորլիքի հայտարարության մեջ եւս մեկ շեշտադրում կա եւ դա այն է, որ ԼՂ-ի հետ կապված որեւէ մեկը միայնակ քաղաքականություն չի կարող իրականացնել եւ չի թույլատրվելու: Ընդդիմադիր գործիչը սա կարեւորեց Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանի հայտարարության ֆոնին, ինչը, բանախոսի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները լռությամբ ընդունեցին:

Ներքին կյանքին անդրադառնալով` ընդդիմադիր գործիչը շեշտեց, թե, առանց կառավարության ծրագրին ծանոթանալու, միանշանակ համոզված է, որ որեւէ դրական քայլ չի լինելու, քանի որ կառավարությունն օլիգարխիկ է եւ կապ չունի Հայաստանի խնդիրների հետ: Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մինչդեռ, Ժառանգության ներկայացուցչի ձեւակերպմամբ, նոր կառավարությունը ոչ միայն դրան ունակ չէ, այլ նաեւ հակառեֆորմիստական է: Դրական զարգացումներ էլ երկրում հնարավոր են միայն արտահերթ ընտրությունների դեպքում: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր կարծիքով հենց այդ անհրաժեշտության շուրջ էլ պետք է շարունակվի խորհրդարանական քառյակի համագործակցությունը. «Հույս ունեմ, որ այն ավելի արմատական կլինի, առավել` առարկայական եւ դա է, որ բերելու է մեր քաղաքացիների սպասելիքների արդարացմանը: Մնացածը` քառյակի հետ կապված Ժառանգության մոտեցումները, պարոն Հովհաննիսյանն իր ասուլիսում ներկայացրել է եւ դրան ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետեւ իրավիճակի փոփոխություն չի եղել»:

Հիշեցնենք, որ Ժառանգության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե քառյակի համագործակցության մեջ վճռորոշ է լինելու խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը:

Back to top button