Հասարակություն

Սուրբ Կարապետ եկեղեցու օծումը Ջանֆիդա գյուղում(Ֆոտո)

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Այսօր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում  բացվեցին նորակառույց եկեղեցու դռները, որը օծվեց և անվանակոչվեց սուրբ Կարապետի անվամբ :   Եկեղեցին կառուցվել է  ռուսաստամանբնակ  ջանֆիդացի բարերար  Արթուր  Կարապետյան հովանավորությամբ: Սուրբ Կարապետ եկեղեցու բացմանը ներկա էին Աժ պատգամավորներ, ինչպես նաև ռուսաստանցի հյուրեր:

Արմավիրի մարզի սահմանամերձ Ջանֆիդա գյուղում այսուհետ շաբաթը մեկ անգամ կղողանջեն  սուրբ Կարապետ եկեղեցու ղողանջները, որոնք կլռեցնեն նաև թուրքերի նամազի ձայները: Հոգևոր տան կառուցումը անհրաժեշտություն էր դարձել ջանֆիդացիների համար: Քրիստոնեական ծիսակատարություններին մասնակցելու, ինչպես նաև հարսանեկան պսակադրություններ  կազմակերպելու նպատակով ջանֆիդացիները գնում էին հարակից գյուղերի եկեղեցիներ կամ էլ հաճախում էին Մայր տաճար:  Ջանֆիդայի բնակիչ  Բաբկեն Գրիգորյանը հավատավոր քիրստոնյա է, ով հաճախ է լինում  եկեղեցում: Նա կոմունիստի անդամատոմսով համայնավարության տարիներին իր պսակադրությունը հաստատել է եկեղեցում` ԶԱԳՍ-ում գրանցվելու  փոխարեն:

Ջանֆիդա գյուղում եկեղեցի կառուցելու մտահղացումը Կարապետյան եղբայրներից կրտսերինն  է` Արթուր Կարապետյանին, ով իրականացրել է նաև իր ծնողների ու նախնիների երազանքը: Բարերարը եկեղեցին կառուցել է իր ծնողների հիշատակին և ցանկացել է կոչվի իր Կարապետ պապի անվամբ:

Արթուր Կարապետյանն արդեն 20 տարի ապրում է Դոնի Ռոստովում: Նորակառույց եկեղեցու բակում նա և իր հարազատ բարեկամները տեղադրել են  7 խաչքար, որոնք խորհրդանշում են միասնություն, հավատք, հայ-ռուս բարեկամություն,  եղեռնը և այլն:

Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմը հոգևոր հողիվ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ  բացվեցին նորակառույց եկեղեցու դռները, օծվեցին սյուները, խորանը  և Աստծո հոգևոր տունը  անվանակոչվեց սուրբ Կարապետ:

Ջանֆիդա գյուղում եկեղեցի կառուցելու և քրիստոնյա հավատքը ամուր պահելու  նպատակով  բարերար Արթուր Կարապետյանը արժանացավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին,  Ջանֆիդա համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը, որի կապակցությանբ նրան նվիրաբերվեց մեկ չափաբաժին հողակտոր: Իսկ Արթուր Կարապետյանը Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց եկեղեցու կառուցման վկայականը, որպես Մայր Աթոռի սեփականություն:

Արմավիր մարզի ջանֆիդա գյուղում քիչ չեն քրիստոնեական դավանաբանությամբ տարբեր կրոնական կազմակերպությունների հետևորդները, տեղացիների հավաստմամբ դրանք բնակչության  մի մասն են  կազմում, շուրջ 30 տոկոսը:

Համագյուղացիների կարծիքով եկեղեցու առկայությունը թերևս ետդարձի ճանապարհ չի լինի աղանդավորների համար, սակայն  կարող է կանխել նրանց շարքերի համալրումը:

Ջանֆիդայի եկեղեցու բացման կապակցությամբ մեծ համերգ էր կազմակերպվել բակում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների  հուշարձանի հարևանությամբ, որին մասնակցում էր Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական համույթը:

Back to top button