ԿարևորՔաղաքական

«Ուորլիքի 6 կետերը».պատերազմի հայտարարություն, թե՞ աշխարհաքաղաքական նոր զարգացում.քաղաքագետների կարծիքները հակասական են

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ԼՂ-ի մասին լուրջ քննարկումների առիթ է դարձել քաղաքագետների համար: Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ մեկ այլ պաշտոնյայի` ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը` Հայաստանի ՀԿ-ների մասին:

ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որով նա տարանջատել է ԼՂ կարգավիճակը շրջապատող տարածքների կարգավիճակից, պարզապես պատերազմի հայտարարություն է, կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Ադրբեջանին թվում է գովում են, բայց Ռուսաստանի դեմ են քշում: Այն տարբերակը, որ ներկայացվում է, երբեք խաղաղություն չի բերելու: Սա մեր մահն է, այդ վեց կետերը: Պետք է գնահատել ՀՀ երեկվա հայտարարությունը: Ես չեմ հիշում այդպիսի մի դեպք, երբ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը, հայտարարում է, որ ոչ մի թիզ հող չի տրվելու եւ մենք ընդունում ենք երեք սկզբունքները: Սա փայլուն է, մանավանդ, եթե դա զուգորդենք Հայաստանի Պաշտպանության նախարարի զուսպ եւ չափազանց տրամաբանված հայտարարության հետ, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք եւ չի էլ լինելու: Բայց սա պետք է նկատի ունենալ, որ վիճակը կբարդացնի` նաեւ ձեր ու մեր վիճակը: Բոլոր դեպքերում, սա շարքային հայտարարություն չէր»:

Այս հարցին բոլորովին այլ կողմից է մոտենում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, ընդամենը Միացյալ Նահանգները փորձում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ձեռքբերել եւ լայնացնել աշխարհաքաղաքական հակամարտության ճակատը: Ամեն դեպքում Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդունում է, որ մեր տարածաշրջանի համար ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունը պատերազմի վերսկսման որոշակի վտանգ ունի: Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաեւ մեկ այլ գործոն:

«Ամեն ինչ իսկապես կախված կլինի նրանից, թե ինչ հանգուցալուծում կլինի առաջին հերթին Ուկրաինայում եւ հետո նաեւ Մերձավոր Արեւելքում ինչպիսի պայմանավորվածություններ կամ ինչ պայմանների վրա կլինի ԱՄՆ եւ Իրանի հաշտությունը: Իրականում արտաքին գործոնները այսօր իսկապես մեծ նշանակություն ունեն եւ մեծապես ազդում են բանակցային գործընթացի վրա: Մի բան հստակ գիտակցենք. քանի դեռ Հարավային Կովկասը դուրս էր աշխարհաքաղաքական մրցակցության գոտուց ամեն ինչ կարծես վերահսկելի եւ կանխատեսելի էր: Այն պահից, երբ Հարավային Կովկասը առճակատման շրջանում է հայտնվում աշխարհագրական իմաստով, բնականաբար, ցանկացած զարգացում արդեն սպասելի է դառնում, ընդ որում տեսնում ենք, որ զարգացումների տեմպերն էլ բավական փոխվել են տարածաշրջանում: Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»:

Այս համատեքստում, ըստ Լեւոն Շիրինյանի` պետք է հասկանալ մի բան. «Ռուսաստանին այսօր կյանքի գնով Կովկասում կայունություն եւ հանգստություն է պետք: Պարզ է, չէ՞»:

Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է անի այնպիսի գործողություններ կամ այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունելի չեն Հայաստանի համար, ինչպես դա եղավ օրինակ` Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ կապված, երբ նա հայտարարեց, որ պետք է զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Եթե Լեւոն Շիրինյանը պարզապես ասում է, որ Ռուսաստանը այստեղ չպետք է կրկնի բոլշեւիկների սխալը, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը դեսպանի հայտարարությունը համարում է անընդունելի.

«Այն մեթոդները, որ առաջարկում է դեսպանը միգուցե կիրառելի է Ռուսաստանում, բայց պետք է ի սպառ բացառելի լինեն Հայաստանի պարագայում եւ իսկապես կարծում եմ, որ սա դիվանագիտական հայտարարություն չէր: Իրենք դասեր պետք է քաղեն իրենց սխալներից եւ հետագայում նման մեթոդներով չփորձեն աշխատել, դա նաեւ իր լիազորություններից դուրս է: Խորհուրդ կտամ, իսկապես մնալ իրենց լիազորությունների շրջանակում եւ իրենց գործունեությունը ուղղեն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սերտացմանը ոչ միայն պետական, այլ նաեւ հասարակական մակարդակում»:

Ամեն դեպքում Ռուսաստանի դեսպանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր խոսքերից:

Back to top button