Հասարակություն

«Այս տոնը նրանցն է, ում համար կարևոր են ինքնորոշումն ու ազատությունը».Մայիսի 9-ը նշվեց նաեւ Լոս Անջելեսում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

ԱՄՆ-ի արևմտյան ափում առաջին անգամ Հաղթանակի ու խաղաղության տոնը նշվեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի շենքում: Երեկոն համատեղ կազմակեպել էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի գրասենյակը, Հայ դատի հանձնախումբն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը: Նրանք հրավիրել էին համայնքային կառույցների անդամներին` միասին վերհիշելու արցախյան ազատամարտի դժվարության ու հաղթանակի ուրախության օրերը:
«Այս տոնը նրանցն է, ում համար կարևոր են ինքնորոշումն ու ազատությունը: Երբ ես Արցախում էի, Շուշիի բարձունքից նայում էի ներքև ու պատկերացնում` որքան մեծ դժվարությամբ են հայկական զինված ուժերը ազատագրել Շուշին. շատ հուզիչ էր լինել այնտեղ: Ես հպարտ եմ, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամների հետ իմ այցի ժամանակ այնտեղ բացվեց Շուշիի և Լոս Անջելեսի բարեկամության այգի», ասաց Փոլ Կրեկորյանը:

Տոնական հավաքին եկել էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Նրանք միասին հիշեցին պատերազմի օրերը, լավ ու վատ պահերն ու հաղթանակի ուրախությունը:

Տոնական երեկոյի հատուկ հյուրն էր Արցախյան ազատամարտի վավերագրող Ցվետանա Պասկալևան: Նա ներկայացրեց հատվածներ` տարբեր ժամանակագրությամբ իր երկու ֆիլմերից` արցախյան պատերազմի ավերն ու դաժանությունը և այսօրվա Արցախը` իբրև ինքնիշխան, ժողովրդավար պետություն:

«Մայիսի 9-նն ինձ համար հաղթանակի ու ողբերգության ուրախ ու ցավոտ հիշողությունների օր է. ես գիտեմ ինչ կորուստների գնով է արցախի ժողովուրդը նվաճել հաղթանակը, և որքան անհավանական էր հասնել բարձունքի գրավմանը, որից կրակ էր թափվում: Շուշիի գրավման օրը արցախցիներն առաջին անգամ հավատացին իրենց ուժերին, այդ հաղթանակն ապացուցեց, որ անհնար բան չկա, պարզապես պետք է հույս, ոգի ու հաղթելու ցանկություն»:

Երեկոյի մյուս հյուրը բաքվի ջարդերի ականատես Աննա Աստվածատրյանն էր, ով երկրորդ գիքն է արդեն գրում Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ադրբեջանական ջարդերի մասին, գրի առնում իր տեսածն ու ապրածը:
«Շատ հայեր են տանջվել Բաքվում, Սումգայիթում, Ղարաբաղում: Միակ բանը, ինչ այդ մարդիկ ուզում էին, ազատությունն ու անկախությունն էր, ինչը մեզ ու մեր երեխաների համար ապահովեց Շուշիի հաղթանակը»:
Լոսանջելեսահայերը փաստեցին, որ այս տարի Հաղթանակի ու խաղաղության տոնի ուրախությանն ավելացավ ևս մեկ առիթ` Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում Արցախի Հանրապետության ճանաչումը:

Back to top button