Վերլուծական

Մոսկովյան հանդիպումը՝ հոգեբանական ճնշում Արեւմուտքի վրա

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մայիսի 8- ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարների հանդիպումը Արևմուտքի, ԱՄՆ- ի վրա հոգեբանական  ազդեցություն թողնելու նպատակ ուներ, դա  միասնության ցուցադրում էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով Մոսկվայում երեկ կայացած  հանդիպումը, ասել է քաղաքագետ Երվան Բոզոյանը։

Ինչ նպատակ էր հետապնդում Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հիմնականում շեշտադրեց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում  ձեռք բերված պայմանավորվածոււթյունների կատարման հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման համատեղ  ուժերի անդամ պետություններին ժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով զինելու  գործընթացի արագացման թեման:

Ուկրաինական զարգացումների ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կոչ արեց համատեղել ջանքերը  Արևմուտքի պատժամիջոցներին միասին դիմակայելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշեց, որ Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում մարտնչող ազգայնականությունը, և որ նման անպատասխանատու քաղաքականությունը ողբերգության է հանգեցնում:

Զրուցակիցս՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ Ռուսաստանը հափշտապ քայլեր է ձեռնարկում, արհեստականորեն արագացնում է Եվրասիական միասնական տնտեսական տարածք ստեղծելու գործընթացը և այդ հարցում քաղաքագետին անհասկանալի է Հայաստանի շահը, երբ ամեն երկիր փորձում է ինչ- որ բան կորզել Ռուսաստանից։

Մինչև փաստաթղթի ստորագրումը մնացել է երեք շաբաթ ու թեև ռուսական փորձագիտական շրջանակները կասկածի տակ են առնում Եվրասիական միասնական տնտեսական տարածք ստեղծելու մասին փաստաթղթի ստորագրումը, սակայն Հայաստանում ավելի քան վստահ են, որ մայիսի վերջին կստորագրվի փաստաթուղթը։

Back to top button