Քաղաքական

«Ցանկությունն է, որ կարգավորում է առաջընթացը».Շավարշ Քոչարյանը՝ Ուորլիքի «կետերի» մասին

«Այդ 6 կետը նոր չի, այդ 6 կետին այնպես, ինչպես հրապարակված է, կարող եք ծանոթանալ համանախագահների հայտարարություններից»,- այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությանը: «Ուորլիքի հայտարարության իմաստը սա է՝ ցանկությունն է, որ կարգավորում է առաջընթացը: Դրա համար բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը ոչ թե դնում է կողներից մեկը, այլ որ շատ բնական ու տրամաբանական պայմաններ են, որ առաջընթաց լինի»,- ասել է փոխարտգործնախարարը:

Այդ պայմաններից առաջինն, ըստ Շավարշ Քոչարյանի, այն է, որ կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ: Առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ, նրա խոսքով, բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ այդ բարի ցանկությունները, քիչ հավանական է, որ իրականանան»,- ասել է նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է հենց այս փուլում ամերիկյան կողմը հիշեցնում վեց սկզբունքների մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանել է.«Էդ միշտ օրակարգում կա, դա ընդամենը հիշեցում է, ոչ թե հիմա է հիշեցվում, վաղուց են հայտարարվել երեք հիմնական միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը, որոնց հիման վրա պետք է խնդիրը կարգավորվի, և վեց տարրերը: Նորից հիշեցնեմ՝ այնքան հանրահայտ են այդ սկզբունքները՝ առաջինը, ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»:

Շավարշ Քոչարյանը նշել է նաեւ, որ այդ երեք սկզբունքից Բաքուն մերժում է երկուսը, այսինքն՝ ուժի սպառնալիքից չի հրաժարվում, ժողովրդի ինքնորոշման իրավունքն ըստ էության մերժում է: «Բաքուն միայն շեշտադրում է անում մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականության, այն էլ աղավաղված և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող  տեսքով: Այսքանը բավական է, որպեսզի մենք կարողանանք հանգել այն եզրակացությանը, որ այս բանակցային գործընթացում խոչընդոտը Ադրբեջանն է»,- ընդգծել է  Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե հայկական կողմը նորմա՞լ է վերաբերվում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ կետին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նորմալը քաղաքական կատեգորիա չէ»:

Back to top button