Հասարակություն

Տոնական միջոցառումներ՝ Արմավիրում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վաղ առավոտյան Արմավիրի քաղաքային զբոսայգում հնչում էիև հաղթանակի օրվան նվիրված երգեր: Քաղաքացիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը աստիճանաբար նոսրանում է, սակայն նրանց պատմությունն է մնում, որը կերտվել է հայրենիքի պաշտպանության նպատակով: Հենց այս օրն է, որ պատերազմի վետերանները հագնում են շքանշանով ու մեդալներով ծանրաբեռնված բաճկոնները և մասնակցում հաղթական քայլերթին։

Նրանք այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին իրենց խոնարհումը բերեցին կայարանամերձ հրապարակում և քաղաքային զբոսայգում արցախյան ազատամարտում և Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանին: Մարզպետը մասնակիցներին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին նաև մարզի Նոր Կեսարիա համայնքի արցախյան պատերազմի զոհերի հուշարձանին, որը 5 տարի առաջ է տեղադրվել գյուղում և սկսել են պարբերաբար նշել տոնակատարությունը։

Արագածոտնի և Շիրակի մարզերից եկվորներով բնակեցված գյուղում այժմ ապրում է Հայրենական մեծ պատերազմի 2 մասնակից: Էլիզբար Գևորգյանը 91 տարեկան է և դեռ երիտասարդի առույգությամբ ու տրամաբանությամբ է ապրում: Մեծ հայրենական է մեկնել 19 տարեկանում` 1942 թ-ին: 1944թ-ին վիրավորվել է, 1 ամիս հոսպիտալում ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ և վերադարձել 1947թ-ի մարտ ամսին: 18 պարգև ունի, որոնց մի մասն է փակցրել կրծքին, սակայն 3-ը Բուդապեշտի, Վիեննային և Պրագայի ազատագրման մեդալները տվել է երեխաներին։

91 -ամյա Էլիզբար պապիկը ապրում է անկողնային հիվանդ կնոջ հետ, ում խնամակալությունն է վերցրել իր վրա: Նշում է, որ երբեմն իրեն հիշում են տոն օրերին և մի քիչ օգնում, իսկ պետությունից մի պահանջ ունի՝ որդու բնակարանային պայմանների բարելավում:

Սահմանամերձ Նոր Կեսարիա համայնքում այսօր բնակիչները նորակառույց եկեղեցում մասնակցել են զոհվածների հոգեհանգստի կարգին: Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը տոնի կապակցությամբ Մեծ հայրենականի 2 մասնակցին, արցախյան ազատամարտի մասնակիցներին ու զոհվածների հարազատներին հուշանվերներ հանձնեց:

Մարիետա Խաչատրյանը անհետ կորած ազատամարտիկ Վահան Ավետիսյանի մայրն է, տան դուռը մինչև հիմա չի կողպում, որդուն է սպասում, ով 1992թ-ից 1994թ հունվար ամիսը մասնակցել է արցախյան ազատամարտին և անհետ կորել: Մայրը հույս ունի, որ մի օր տան դուռը կբացվի ու կերևա իր որդին:

Հաղթանակի տոնի կապակցությամբ համայնքի ղեկավարը հյուրասիրություն էր կազմակերպել պատերազմի մասնակիցների համար, որտեղ իր ուրախությունը կիսեց նաև 91-ամյա Էլիզբար պապիկը, պարելով իր հաղթական պարը` յարխուշտան:

Back to top button