Հասարակություն

Ռազմական փառքի վավերագրերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հաղթանակի օրը մարդաշատ էր նաեւ «Մայր Հայաստան» հուշարաձանի պատվանդանում գտնվող նույնանուն ռազմական թանգարանում։ Մանուկներից մինչև ծերունիներ, տեղացի և օտարերկրացի, տարբեր մասնագիտության տեր այցելուներ ուներ այսօր թանգարանը: Հատկանշական է, որ շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես «Մայր Հայաստան» արձանի պատվանդան:

Թանգարանը հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան։ 1995 թվականին այն մշակույթի նախարարության ենթակայությունից անցավ պաշտպանության նախարարության կառույցի ներքո: Չնայած տարածքային սուղ պայմաններին՝ թանգարանը ունի ավելի քան 30 հազար ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, հայկական  76-րդ, 89-րդ, 390-րդ և 408-րդ հրաձգային դիվիզիանիների անվցած ռազմերթերի մասին նյութեր։ Թանգարանի  ցուցանմուշներից են նաև նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը:

Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր: Իսկ երրորդ հարկում է հանդիսությունների սրահը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի պատկերասրահը: Ըստ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Լիլիա Անտոնյանի՝ այստեղ այցելուների պակաս երբեք չի լինում: Ցուցանմուշների թիվը ևս ավելանում է:

Թանգարանի հավաքածուի թվայնացումը մոտակա ծրագրերում է: Մեր զրուցակիցը նշեց, որ թանգարանը այսօր ունի բազում խնդիրներ, որոնք կապված են հենց ցուցանմուշների պահպանման հետ: Չնայած սուղ պայմաններին՝ թանգարանը պահպանել է ռազմական փառքի ոգին: Թանգարանի վետերան այցելուները բավականին տպավորված էին հեռանում թանգարանից: Այստեղ, կարծես, նրանց հաջողվեց մի պահ, թեկուզ մտովի, վերադառնալ հերոսական անցյալը։

Back to top button