Հասարակություն

Շուշիի ազատագրումն սկսվեց Խաչի երեւման օրը. 353 թ. այդ օրը Երուսաղեմի երկնքում երեւաց սբ. Խաչը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան

Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում եկեղեցիները  վերածվել էին պահեստների: 1930 թվականից Արցախում որևէ մեկը չէր կարող գնալ եկեղեցի, հետևաբար՝ տան կողքին՝ բակում, ստեղծում էին մի մատուռ, որտեղ  կարող էին աղոթել։ «70 տարի մարդկանց հեռացրել էին ճշմարիտ հավատքից,սակայն  արցախցիները ավելի զորեղ գտնվեցին»,- ասում է Շուշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր սպասավոր  Տեր Անդրեաս  քահանա Թավադյանն  ու հավելում, որ եկեղեցու դերը արցախցու կյանքում կարևորվեց հատկապես արցախյան ազատամարտի  տարիներին: Տեր Անդրեասը պատահական չի համարում, որ Արցախի թեմն ստեղծվեց հենց 1988թ  ու այդ օրվանից եղավ ֆիդայու, զինվորի, կանոնավոր բանակի կողքին։

Շուշի ազատագրմանը  թեմի ծառայողներից  շատերն անմիջական մասնակցություն են  ունեցել, իսկ մնացածներն էլ աղոթել ու հավատացել են՝ իրենց աղոթքի  ձայնը կհասնի առ Աստված ու Շուշին կազատագրվի: Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցին մի առանձնահատկություն  ունի: Սուրբ Խորանի տակ կա մի տեղ՝ Խոստովանության վայր է կոչվում։ Այսօր այդ վայրում իրականացվում են անհատական բժշկության, իսկ նախկինում՝ անհատական խոստովանության կարգեր։

Պատերազմի տարիներին ադրբեջանցիները Ղազանչեցոց եկեղեցին զինանոցի էին վերածել՝ քաջ գիտակցելով, որ հայերը  եկեղեցին չեն պայթեցնի, իսկ իրենց զինամթերքն էլ կբավականացնի պատերազմում հաղթանակ  տանելու համար։ Սակայն այն այդպես էլ երազանք մնաց ադրբեջանցիների համար:

Արցախի թեմի առաջանորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում պատմեց, որ զինվորական ղեկավարությունը որոշում էր Շուշին ազատագրել մարտ 15- ին, այնուհետև՝ 24- ին, ապա՝ մայիսի 1- ին։ Բայց ինչ- որ մի բան խոչընդսոտում էր այդ ծրագրերին։ Ի վերջո որոշվեց՝ գործողությունը պետք է սկսվի մայիսի 7- ին։ «Բոլոր ջոկատները, որ պիտի մասնակցեին, տղաները եկան եկեղեցի եւ խաչեր խնդրեցին»։ Ինչո՞ւ մայիսի 7- ին, հարցնում է Պարգեւ սրբազանը՝ հիշելով, որ 353 թ. Երուսաղեմում մայիսի 7- ին Խաչը երեք օր ու գիշեր երեւաց երկնքում։

Back to top button