Քաղաքական

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը ձայների 70 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ  ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար)։ Մասնավորապես, բանաձևը ողջունում և աջակցում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը ուղղված զարգանալու որպես ազատ և անկախ պետություն»։ Կալիֆորնիայի Խորհրդարանի Կանոնադրության Հանձնաժողովը երեքշաբթի օրը հավանություն էր տվել բանաձևին ձայների 9 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ՝ հիմք ստեղծելով այն բանի համար, որ Կալիֆորնիան դառնա ԱՄՆ-ի թվով հինգերորդ նահանգը, որն ընդունում է նման բանաձև։

Խորհրդարանի անդամ Մայք Գաթոն ներկայացրել է այս բանաձևը հունվար ամսին մի շարք համահեղինակների հետ՝ Համագումարի անդամներ ՔաջոԱչաջյանի, Չերիլ Բրաունի, Իան Քալդերոնի, Մեթ Դաբաբնեհի, Բրայան Նեսթանդեի, Քրիսթին Օլսենի և Ջիմ Փեթերսոնի:

«Մենք ողջունում ենք Կալիֆորնիայի խորհրդարանի այսօրվա որոշիչ քվեարկությունը, որը հաստատում է Արցախի՝ որպես ազատ և անկախ պետության զարգանալու իրավունքը»,-հայտարարեց Համագումարի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար ԱլինՄաքսուդյանը, ով ներկա էր գտնվել այս պատմական քվեարկությանը։ «Այսօրվա  քայլը մասնավորապես կարևոր է ամերիկահայերի համար, ովքեր ողջունում են ամերիկյան արժեքների այս վառ արտահայտությունը»,- նշեց Մաքսուդյանը՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզին՝ իր աջակցության համար և գնահատել խորհրդարանի անդամներ Մայք Գաթոյի, Սքոթ Ուիլքի, Ադրին Նազարյանի և Քաջո Աչաջյանի նվիրյալ ջանքերը»։

Back to top button