Քաղաքական

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը`եռատոնի առթիվ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից եւ իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ:
Պաշտպանության բանակի կազմավորումը եւ Շուշիի ազատագրումը դարձան այն կարեւոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար: Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլեւ կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը եւ հավերժացնելով նրանց հիշատակը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս փառապանծ Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:

 

 

Back to top button