Քաղաքական

ՕԵԿ-ը կառավարության ծրագրի մասին իր դիրքորոշումը կհայտնի, երբ տեսնի ծրագիրը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՕԵԿ-ը կառավարության ծրագրի մասին իր դիրքորոշումը կհայտնի եւ հստակ ու շիտակ գնահական կտա, երբ տեսնի ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: «Մեզ համար ամենակարեւորը ծրագիրն է, որը չպետք է լինի բարի ցանկությունների ծրագիր: Կլինի ծրագիրը, կտեսնենք` հստակ լուծումներ կան, կտանք մեր գնահատականը»,-նշել է օրինացերկրական պատգամավորը` շեշտելով, թե մի շարք խնդիրներ են կուտակված ժողովրդի առջեւ, որոնք օր առաջ լուծման անհրաժեշտություն ունեն: Արձագանքելով հարցին, թե որտեղ է իրեն ավելի լավ զգում ՕԵԿ-ը` ընդդիմադիր դաշտում, թե` իշխանական` Հովհաննես Մարգարյանն ասել է, որ աշխատողի համար ամենուր էլ դժվար է:

Ցանկալի կլիներ, որ կառավարության կազմում ընդգրկվեին նոր դեմքեր, նոր մոտեցումներով ու տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց տեսլականներով` կարծիք հայտնեց Հովհաննես Մարգարյանը` արձագանքելով նոր կառավարության մասին հարցին: Ինչ վերաբերում է կառավարության գործունեությունից ակնկալվող արդյունքներին. «Կոնկրետ կլինի աշխատանք, այդուհանդերձ, կոնկրետ աշխատանքին կլինի բաց, շիտակ, անկեղծ գնահատական մեր քաղաքական ուժի կողմից. եւ ծրագրի, եւ անձերի վերաբերյալ»:

Հովհաննես Մարգարյանի խոսքով` աշխատող մարդու համար դժվար է լինել թե ընդդիմադիր դաշտում, թե իշխանական: Նա վստահեցրեց, թե շարքային օրինացերկրականները ընդդիմություն դառնալու ՕԵԿ քաղխորհրդի կայացրած որոշումը հաստատել են, գրեթե, միաձայն: Այսպես ընդունեցին` մեր մարզերում` շեշտեց նա: «Դրա վառ վկայությունը հենց որոշման վավերացման հետ կապված դիրքորոշումն էր անդամների կողմից»:

Հովհաննես Մարգարյանը զարմացավ այն հարցադրումից, որ վերաբերում էր իր` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու հավանականությանը: Դա օրենքով սահմանված քվոտա է, որ պատկանում է ՕԵԿ-ին ու կապ չունի` իշխանություն ես, թե ընդդիմություն: Մնացածը որոշում է խմբակցությունը: Խորհրդարանական հայտնի քառյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցին էլ օրինացերկրական պատգամավորն ասաց հետեւյալը.«Որտեղ լինի մի լավ գործ, համոզված եղեք, ՕԵԿ-ն այդտեղ կլինի մասնակից` կամ որպես նախաձեռնող, կամ, երբ որեւէ մեկը նախաձեռնում է, անպայման մենք կաջակցենք եւ կզորակցենք: Մենք ակնկալում ենք, որ մեզ էլ կաջակցեն նաեւ մեր գործընկերները: Խոսքը վերաբերում է քառյակին»:

Ինչու պարտադիր կուտակային կենսաթոշակի առնչությամբ վարչապետին ուղղված քառյակի առաջարկներին ՕԵԿ-ը չի միացել: Հովհաննես Մարգարյանի խոսքով` տվյալ պահի դրությամբ ստորագրելու համար առաջարկներ իրենց չեն ներկայացվել: Եթե ներկայացվեր, անպայման կաջակցեինք` վստահեցրեց բանախոսը, ապա կարծիք հայտնեց, թե երեւի չի ներկայացվել իրենց, քանի որ իրենք այդ հարցով ամբողջական օրինագիծ են շրջանառության մեջ դրել` մինչ առաջարկները:

Խնդրի մասին էլ հիմա չէ, որ ՕԵԿ-ը խոսում է: Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, թե ամիսներ շարունակ իրենք իրենց մտահոգությունը հայտնել են` նախաձեռնելով քննարկումներ: Հիշեցրեց նաեւ, որ այդ մասին հրապարակում էլ է եղել մամուլում, որի վերնագիրը պատգամավորը հիշում էր այսօրվա պես:
«Հովհաննես Մարգարյանը կողմ քվեարկելով դեմ է պարտադիր կենսաթոշակայինին»:

Back to top button