ԿարևորՔաղաքական

Պսակի.Ուորլիքն ընդգծել է ԱՄՆ-ի տեսակետը ԼՂ հակամարտության հարցում

ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակելու է իր գործողությունները որպես համանախագահ երկիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, տեղեկացնում է պետդեպի կայքը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք կապ կա Ուկրաինայի իրադարձությունների և Ղարաբաղյան հակամարտության միջև, Պսակին նշել է, որ ինքը տեղյակ չէ երկուսի միջև առկա որևէ կապի մասին։

«Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին։ Իսկ Ուկրաինայի վերաբերյալ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,-ասել է նա։  Մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի զեկույցը՝ Պսակին նշել է, որ համանախագահի ելույթն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը։

«Ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պսակին։ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ուորլիքը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավատարմությունն այդ գործընթացին։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան կետեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Դեսպանը նշել է, որ այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Back to top button