ԿարևորՔաղաքական

Չափազանց կարևոր է դառնում անվտանգության հարցերում ՀԱՊԿ պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ  պաշտոնական հանդիպման ժամանակ։

Հաղթանակի օրվա մասին

«Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը»։

ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքների մասին
«Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:
Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում»:

Ուկրաինական իրադարձությունների մասին
Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:

Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:

Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների»։

Տարածաշրջանային կայունության մասին
«Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը:

Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:
Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը»։

Սիրիայի մասին
Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով»։

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները:

«Հայաստան իմ այցելությունից հետո մեծ աշխատանք է կատարվել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Ես ուրախ եմ Ձեզ հետ ժամացույցի սլաքներն ուղղելու հնարավորության համար, տեսնելու, թե լրացուցիչ ի՞նչ է պետք անել, որտեղ է մեզ պետք արագացնել համատեղ աշխատանքի տեմպը:

Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը: Եվ այս տարի ապրանքաշրջանառության աճի դրական տեմպերը և դրական դինամիկան պահպանվում են, այնպես, ինչպես Ռուսաստանը՝ որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը»,-նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Մոսկվա այցելելու հրավերի և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերի քննարկման հնարավորության համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը և Ռուսաստանի ժողովրդին՝ Մեծ հաղթանակի կապակցությամբ:

«Ես ուրախ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, դաշնակցային գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում են: Մենք այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրենք այդ հարաբերությունների խորացման համար:

Ձեր պետական այցի ընթացքում և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմատեխնիկական, և՛ տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի: Եվ ես կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներին և դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք: Ես ուրախ եմ, որ այսօր Մոսկվայում եմ: Շնորհակալություն հրավերի և այն զրույցի համար, որը մենք արդեն ունեցել ենք»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Back to top button