Հասարակություն

ԿԳ նախարար.«Դպրոցի տնօրեն դառնալը շատ բարդ գործընթաց է»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննությունների մեկնարկին: Հավաստագրված մասնագետը հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին։ 

Դպրոցի տնօրեն դառնալն այնքան էլ հեշտ գործ չէ: Դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները նախ պետք է Կրթության եւ գիտության նախարարության մշակած ծրագրերով մասնակցեն վերապատրաստման համապատասխան դասընթացներին եւ ստանան վկայական: Ու միայն դրանից հետո վկայական ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել հավաստագրման քննություններին, որոնք անցկացվում են երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Այսօր տնօերնների հավաստագրման հերթական քննությունն էր, որին մասնակցում էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով քննության անցկացմանը, նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր դպրոցի տնօրեն դառնալը շատ բարդ գործընթաց է և նախորդ տարիների վիճակագրությունն էլ ցույց է տվել, որ հավակնորդների ավելի քանի 20 տոկոսը չի հաղթահարում քննությունների կամ բանավոր, կամ գրավոր փուլը:

Արդյոք քննություններն արդար են անցկացվում, թե ոչ, Կրության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը չի կարող վստահաբար ասել, միայն գիտի, որ քննությունների գրավոր փուլի ընթացքում անարդարությունը բացառվում է:

Նշենք, որ գրավոր քննության ժամանակ տնօրենները պետք է լրացնեն 800 հարցից բաղկացած թեստ, որի հարցերը վերաբերում են կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, կառավարչական հմտություններին, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքներին։ Իսկ բանավոր փուլի ժամանակ թեկնածուները պետք է պատասխանեն հանձնաժողովի հարցերին: Հավաստագրված մասնագետը հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին։ ԿԳ նախար Արմեն Աշոտյանն ի դեպ նշեց, որ այսուհետ ավելի հաճախ է լինելու ուսումնական հաստատություններում և ավելի հաճախ է հանդիպելու մանկավարժական հանրույթի հետ, քանի որ միայն նրանց հետ և նրանց օգնությամբ հնարավոր կլինի ուսումնական պլանում բովանդակային փոփոխություններ իրականացնել:

Նախարարի փոխանցմամբ` վերանայման կարիք ունեն ինչպես ուսումնական, այնպես էլ առարկայական ծրագրերը:

Back to top button