Երեւանում նոր հեծանվաուղիներ են բացելու


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երեւանի քաղաքապետարանը հեծանվային մշակույթը մայրաքաղաքում զարգացնելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ միասին սկսում է «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվ ապրելակերպի միջոցով առողջ կյանք վարելու մշակույթը։
Հեծանվորդները մինչ օրս ունեն մեկ հեծանվուղի, սակայն քաղաքապետարանը ճանապարհային ոստիկանների հետ միասին նախագծել է երկրորդը, որը կսկսվի Մատենադարանից և կավարտվի Էրեբունի թանգարանի մոտակայքում։ «Մենք ամբողջ ճանապարհն անցել ենք հեծանիվներով և սանտիմետր առ սանտիմետր քննարկել բոլոր խնդիրներն ու անհրաժեշտ ձևափոխումները, որոնք լինելու են»,- ասում է քաղաքապետի օգնական Սամվել Մերթաջյանը։
Նա նշում է, որ նոր հեծանվուղին ներառվելու է փողոցային երթևեկության մեջ, իսկ հեծանվորդների ճանապարհը կկանոնակարգվի։
Շատ հաճախ ենք նկատում, որ հեծանվորդները խոչընդոտում են երթևեկությանը, սակայն այս հարցը քաղաքապետարանը կարգավորելու է ճանապարհային ոստիկանների օգնությամբ: Նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, որտեղ ճանապարհային ոստիկանները հեծանվորդներին կսովորեցնեն ճիշտ երթևեկության կանոնները։
Տեղեկացնենք, որ մայիսի 18-ին Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի հեծանվամարաթոն, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն հեծանիվ: