Հասարակություն

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը կլուծի կառավարությունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ զարգացումները դեռ չեն ավարտվել: Այսօր Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովն այդ օրակարգով նիստ էր գումարել: Որոշել են, որ հարցի հետագա պատասխանատվությունն այլեւս իրենցը չէ, այն փոխանցել են այլ ատյան: Երեւանի քաղաքապետի խորհրդական  Գագիկ Բաղդասարյանը տարակուսում էր, թե ինչու փողոցի անվանակոչության ժամանակ հասարակության կողմից հակազդեցություն չի եղել, ինչպես դա նկատվում է արձանի տեղադրման հարցի ժամանակ։

Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու որոշման առումով Երեւանի ավագանին եւ մշակույթի, կրթության եւ Սոցիալական հարցերի հանձնաժողովը ինչ կարող էին անել, արդեն արել են: Ինչպես ասվում է՝ գնդակը փոխանցվեց կառավարությանը` հասարակության մի մասի ընդվզման եւ բողոքիսլաքներն ուղղելով այնտեղ։

Ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանն էր այսօր որոշել, որ հանձնաժողովի դռնփակ նիստ անցկացվի։ Թե ինչ պայմաններում է անցել քննարկումը, դժվար է ասել, բայց նիստից հետո Հայոց ցեղասպանության թանգարան- ինտիտսուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարեց. կարծիքը չի փոխել հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հենց Դեմոյանն էր դեմ արտահայտվել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությանը` նշելով, որ այդ գործիչը խորհրդային տարիներին նպաստել է հազարավոր հայերի ձերբակալությանը, աքսորին եւ գնդակահարությանը։

Անաստաս Միկոյանի անձի հանդեպ հակասական վերաբերմունք կա: Օրինակ` Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն ընդգծեց. նույնիսկ երբ Դեմոյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, թե ինչու չպետք է Երեւանում տեղադրվի Միկոյանի արձանը, դրանից հետո դեմ է քվեարկել Ավագանու անդամներից ընդամենը 4-ը: Նաեւ հիշեցրեց, թե Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման պատմությունը 14 օրվա չէ, սկսվել է շատ ավելի շուտ։

Back to top button