Հասարակություն

Մետրոպոլիտենի ազատված աշխատակիցները համոզված են՝ կվերականգնվեն աշխատանքում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Դեմ եմ»- ի ակցիաներին մասնակցելու պատճառով աշխատանքից հեռացված Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը, Անդրանիկ Գեւորգյանը մինչ օրս աշխատանք չեն գտել: Նրանց փաստաբան Քրիստինա Գեւորգյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ իրենք դիմել են դատարան եւ պահանջում են աշխատակիցների աշխատանքի վերականգնում եւ պարապուրդի վճարների փոխհատուցում: Փաստաբանը համաոզված է, որ դատը շահելու են: Հիշեցենք, որ Մետրոպոլիտենի ղեկավարություն խոսքով աշխատակիցներին ազատվել էին աշխատանքից «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 6-րդ կետի՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով են ազատվել աշխատանքից։

Մետրոպոլիտենի երեք մեքենավարները, ովքեր փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվել էին աշխատանքից, դատական հայց են ներկայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար: Երեկ տեղի է ուենցել առաջին դատական նիստը: Արդեն դատարանում Մետրոպոլիտենի շահերը ներկայացնող, կառույցի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյան նշել է, որ աշխատակիցները թերի աշխատանքի համար են ազատվել աշխատանքից՝ գրանցամատյանում նշումներ չկատարելու պատճառով։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մեքենավարների փաստաբան Քրիստինա Գեւորգյանը, ով այսօր իր վստահորդների հետ հանդես եկավ ասուլիսով, ասաց, որ հավատում է` դատը շահելու է, քանի որ Մետրոպոլիտենի ղեկավարությունն անհիմն է ազատել աշխատանքից իր վստահորդներին: Նշենք, որ երեք հայցվորներն էլ ներկայումս չեն աշխատում:

«Պատասխանող կողմը չկարողացավ ներկայացնել իր հիմնավորումները եւ ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը կլինի մայիսի 30-ին: Իսկ հաշտության համար ժամանակ կար, քանի որ իմ վստահորդները փետրվարի 14-ին են ազատվել աշխատանքից: Մեր՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հորդորել է, որպեսզի աշխատանքում վերականգնեն նախկին աշխատակիցներին եւ վեճը լուծվի արտադատական ճանապարհով, սակայն տնօրինությունից մերժել են արտադատական լուծման ճանապարհը»,- ասում է փաստաբանը։

Մետրոպոլիտենի ղեկավարությունը մերժում է աշխատակիցների հայցը՝ նշելով, որ նրանք աշխատանքից ազատվել են «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, որը նշանակում է, որ աշխատողի նկատմամբ կորցերել են վստահությունը։ Փաստաբան Քրիստինա Գևորգյանը ասում է, որ նախնական դատական նիստին պատասխանող կողմը բոլորովին այլ կողմ է փորձում տանել գործը եւ նույն հիմնավորումը չի ներկայացնում աշխատանքից ազատելու համար։ Տնօրինությունը աշխատակիցնեըի հետ զրուցել է, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։

Աշխատակիցները վստահ են, որ կշահեն դատական գործը եւ նորից կաշխատեն Մետրոպոլիտենում։ «Մենք պատրաստ ենք նորից աշխատել Մետրոպոլիտենում: 15 տարի աշխատել ենք այնտեղ, ուրիշ տեղ մեր մասնագիտությամբ դժվար է աշխատանք գտնել»,- ասում է Գագիկ Գալստյանը։

 

Back to top button