ԿարևորՔաղաքական

Մայիսի վերջերին Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մայիսի վերջերին Հայաստանը կստորագրի միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով` ՄՄ-ին անդամակցության գործընթացը չի ձգձգվի` միջպետական խնդիրներով պայմանավորված: Արտակ Զաքարյանը վստահեցրել է, թե չկա այնպիսի խնդիր, որ Բելառուսը կամ Ղազախստանը չեն ցանկանում Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը: Պարզապես, նրա խոսքով, յուրաքանչյուր պետություն իր շահերի տեսանկյունից է նայում հարցին, հետեւաբար` ինտեգրացիոն գործընթացներում կարող են պարբերաբար ի հայտ գալ տարբեր խնդիրներ, որոնք պետությունների մեջ առաջ կբերեն բանակցելու եւ նոր համաձայնություններ ձեռք բերելու անհրաժեշտություն: Այսինքն` խնդիրը Հայաստանի հետ բոլորովին կապ չունի` շեշտել է հանրապետական պատգամավորը:

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ամենատարբեր զարգացումները նկատի ունենալով` Հայաստանը շարունակում է արտաքին քաղաքականության մեջ իր որդեգրած մոտեցումը պաշտպանել: Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի փոխանցմամբ` դա «եւ, եւ»-ի քաղաքականությունն է: Ըստ նրա` Հայաստանը հետեւողականորեն կատարում է ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջական փուլը:

«Համաձայն Մինսկում տեղի ունեցած հանդիպման արդյունքների` նախապատրաստվում է փաստաթուղթ, որը, կարծում եմ, առաջիկա ամսվա ընթացքում նաեւ կստորագրվի եւ հնարավորություն կստեղծվի անցնելու արդեն ներպետական գործընթացները»:

Ուկրաինական իրադարձությունների համատեքստում Արեւմուտքի կողմից Ռուսաստանին սպառնացող պատժամիջոցների քաղաքականությունը հանրապետական պատգամավորն անընդունելի է համարում, քանի որ խնդիրներն ունեն ավելի շատ քաղաքական լուծման հնարավորություններ: Նա կարծում է, որ դրա պարագայում Հայաստանի համար համագործակցության առումով որոշակի բարդություններ կառաջանան, սակայն, ըստ պատգամավորի, հայ-ռուսական տնտեսական համակարգի ամբողջական կախվածությունն այնքան չէ, որ մենք չկարողանանք հավասարակշռել արեւմտյան երկրների հետ մեր տնտեսական համագործակցությամբ:
«Չեմ կարծում, որ ՀՀ-ն պետք է դրանից մեծ մտավախություն ունենա: Մենք երբեք չենք հակադրելու երկու առանցքների միջեւ գոյություն ունեցող խնդիրները»:

Անդրադառնալով Եվրոպայի հետ Հայաստանի հետագա երկխոսությանը եւ համագործակցությանը` Արտակ Զաքարյանն ասաց հետեւյալը.
«Դա Հայաստանի Հանրապետության օրակարգային հարց է եւ մենք փորձելու ենք առաջիկայում, հատկապես ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո, արդեն նոր ձեւավորվող քաղաքական ուժերի եւ դրանց հարաբերակցության պարագայում, գտնել երկուստեք ընդունելի այն համագործակցության ճանապարհը, որը որ հնարավորություն է տալու ՀՀ-ին շարունակելու նաեւ իր հանձնառությունները` շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵՄ-ի հետ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով»:

Հայաստանը ստեղծել է աշխատանքային խումբ, որը քննարկում է հետագա համագործակցության պոտենցիալն իրացնելու բոլոր հնարավորությունները` փոխանցեց Արտակ Զաքարյանը: Հանրապետական պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը, հաշվի առնելով իր յուրահատուկ պայմանները` շրջափակում, չլուծված կոնֆլիկտ, համաշխարհային քաղաքականության մեջ շարունակելու է իր բազմավեկտոր քաղաքական կուրսը: «Փորձելու է հավասարակշռված եւ համագործակցային քաղաքականություն իրականացնել բոլոր այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերություններով եւ մեր տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղ զարգացման խնդիրներով»,-պարզաբանեց հանրապետական պատգամավորը:

Իշխող մեծամասնության ներկայացուցիչն առաջիկա տարվա համար կարեւորեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող քայլերը: Միջազգային տարբեր հարթակներում այս առնչությամբ արդեն գոյություն ունեն բավականին հետաքրքիր զարգացումներ` նկատեց պատգամավորը:

Ըստ նրա` բավականին հետաքրքիր փուլ է մտնում նաեւ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը եւ, պատգամավորի ձեւակերպմամբ, վարվող քաղաքականության արդյունքում ի հայտ են գալու նոր, արդյունավետ ելքեր: Այս պարագայում պետք է կարողանանք մեր ներքաղաքական զարգացումները համահունչ ու համարժեք դարձնել արտաքին քաղաքական զարգացումներին` շեշտեց հանրապետական պատգամավորը.

«Փոլոր քաղաքական ուժերի դերակատարությունը այս փուլում նաեւ էական է այնքանով, որ մենք պետք է փորձենք ներսում ունենալ համաձայնեցված իրավիճակ, որի արդյունքում հնարավոր կլինի արտաքին քաղաքական ձեռքբերումներն ավելի շոշափելի ու նպատակային դարձնել»:

Back to top button