Մշակույթ

«Հուլիոս Կեսարի» հաջողությունները՝ Շեքսպիրյան միջազգային փառատոնում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 23-ից մայիսի 2-ը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը Ռումինիայի Կրայովո քաղաքում կայացած Շեքսպիրյան միջազգային փառատոնին ներկայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի բեմադրած «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ: Մեր թատրոնի մասնակցությունը փառատոնին ապահովել է Երևանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:

Թատերական գործիչների միությունն ամեն ինչ է անում մեր հայկական թատրոնն արտերկրի հանդիսատեսին ներկայացնելու համար։ Ամեն տարի մեր ներկայացումները մասնակցում են միջազգային փառատոներին: Ասում է թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Այս տարի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն արդեն երրորդ անգամ մասնակցում է Շեքսպիրյան միջազգային փառատոնին: Մեր թատերախումբը հանդես է եկել Արմեն Խանդիկյանի «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ: Փառատոնն ամենահեղինակավորներից է Եվրոպայում և ունի 20 տարվա պատմություն: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները:
«Այս ներկայացումը երկու տարի առաջ ներկայացել է պետական մրցանակի, որը վերջին 20 տարիներին առաջին դեպքն է, երբ թատրոնը գնահատեցին: Եվ ուրախ եմ, որ սկսվեց հայացքը դեպի թատրոն»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը նշում է, որ հայաստանյան թատրոններն ունեն որակյալ ներկայացումներ և ապագայում արտերկրյա հրավերները չեն ուշանա: 250 հազար բնակիչ ունեցող Կրայովոն մեր թատերախմբի ներկայացումն ընդունել է ջերմ ծափահարություններով, ասում է դերասան Հովհաննես Թերգեզյանը:

Նշենք, որ փառատոնը նվիրված էր Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:

 

Back to top button