ԿարևորՔաղաքական

ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը աշխատելու են հին մեթոդներով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն այսուհետ կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզնբաղեցնի պատգամավորական մանդատը վերջերս ձեռք բերած Գագիկ Մելիքյանը. երկու որոշումներն էլ կայացվել են այսօր խմբակցության նիստի ընթացքում: Այն այսօր երկար չի տևել և ինչպես դրա ավարտից հետո հանրապետական պատգամավորներն են վստահեցրել ՝ թեկնածությունները հաստատվել են առանց առարկությունների:

Խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պաշտոնները թափուր էին, հիշեցնենք, Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ, իսկ Հովհաննսես Սահակյանի՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո: Խմբակցության նախորդ ղեկավարը, խոսելով Վահրամ Բաղդասրայանի ընտրության մասին, այսօր համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարը կշարունակի խմբակցության լավագույն ավանդույթները:

Վահրամ Բաղդասարյանին խմբակցության ղեկավարի, իսկ Գագիկ Մելիքյանին խմբակցության քարտուղարի պաշտոններ վստահելը Հանրապետականում նախ և առաջ պայմանավորում են երկու պատգամավորների փորձառությամբ: Վահրամ Բաղդասրայնը պատգամավոր է դեռ 1995 թվականից, Գագիկ Մելիքյանը, թեև վերջերս համալրեց ՀՀԿ խմբակցության կազմը, բայց եղել է նախորդ երկու գումարումների ԱԺ պատգամավոր:

ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարի փորձառությունը նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի տեսանկյունից է ընտրության գլխավոր հիմնավորումը: Քաղաքական պատրաստվածության առումով խմբակցության նոր ղեկավարը որևէ խնդիր չունի ՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց խմբակցության նախորդ, փորձառու ղեկավարը:
«Նա 1998 թվականից պատգամավոր է եղել, առավել ևս տնտեսագետ է: Կարծում եմ՝ դա կապահովի, որպեսզի խմբակցությունն ավելի ճիշտ կողմնորոշվի նման օրինագծերի առումով: Ինքը մարդամոտ է, կարողանում է որոշակիորեն շրջապատում համակրանք ստեղծել»:

Գալուստ Սահակյանը համոզված է, որ Վահրամ Բաղդասրայանը ոչ միայն կշարունակի լավ ավանդույնթները, այլև կուժեղացնի խմբակցությունը և ավելի հմուտ կղեկավարի այն: Իսկ խմբակցության ղեկավարում ասելով՝ անմիջապես նկատի է առնվում նիստերին ՝ հանրապետական պատգամավորների ներկայության և քվորումի ապահավումը: Քվեարկությունների առումով իրավիճակը խորհրդարանում որոշակիորեն փոխվել է, նախկինում քվեարկությունների ժամանակ ՀՀԿ-ին աջակցում էր նաև ՕԵԿ-ը, այսօր Օրինաց երկիրը կոալիցիայում չէ և հնարավոր են իրավիճակներ, երբ ՀՀԿ միայնակ մնա՝ ընդդեմ խորհրդարանական 5 ուժերի: Խմբակցությունը կազմակերպված է, իսկ ՀՀԿ-ն միայնակ չէ, հարյուր հազարավոր մարդիկ կուսակցության անդամներ են` վստահեցնում է Գալուստ Սահակյանը:

Բայց, այդուհանդերձ, քվորումի և քվեարկություների հարցում խնդիրներ չունենալու համար ԱԺ նախագահը մեկ առաջարկություն ունի: Նա կարծում է, որ քառօրյաների ընթացքում հանրապետական պատգամավորների գործուղումները պետք է նվազագույնի հասցվեն: «Իմ սկզբունքը հետևյալն է. ամեն ինչ պետք է անել, որ ԱԺ-ն բնականոն աշխատի: Ես միտում ունեմ, որ քառօրյա նիստերի ժամանակ որևէ գործուղում չիրականանա, իհարկե, մտածում եմ, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությանն անհրաժեշտ լինի»:

Զրուցեցինք նաև խմբակցության նորանշանակ քարտուղարի հետ: Գագիկ Մելիքյանի համար պաշտոնը նոր չէ: Գագիկ Մելիքյանը կարծում է, որ հանարապետական յուրաքանչյուր պատգամավորի մոտ պատասխանատվության զգացումն այսուհետ ավելի մեծ պետք է լինի: Սա ապահովելու համար նոր մեթոդներ ասում է անհրաժեշտ չեն, աշխատելու են հին մեթոդները: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև չի բացառում, որ առաջիկայում քվեարկությունների պատկերը խորհրդարանում որոշակիորեն փոխվելու է:

Back to top button