ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն 88 տարեկան է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը: Օգոստոսի 27-ին նույն թերթը տեղեկացրեց.«Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Հինգ օր հետո կայանը կսկսի իր աշխատանքը»: 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր, որը տոն է ոչ միայն Հանրային ռադիոյի, այլև Հայաստանում գործող բոլոր ռադիոկայանների համար:

Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի յոթն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն: Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր: Խոսում է Երևանը…արդեն 88 տարի հնչում են այս բառերը ՝ աշխարհով մեկ տարածելով հայկական պետության ձայնը: Թիկունքում տարիների պատկառելի բեռով, բայց հավերժ երիտասարդ ռադիոն այսօր նշում է հերթական տարեդարձը: Ասում են, որ Հայաստանի հանրային ռադիոն առանձնանում է իր համեստությամբ, բայց այսօր մենք հաճույքով կլսենք մեզ ուղղված բոլոր գովեստները:

Ռադիոյի օրվա առիթով երևանյան իմ փոքրիկ հարցախույզն այսօր սկսվեց բողոքով: Թումանյան փողոցի բնակիչ տիկին Լենան դժգոհեց՝ արդեն երկու ամիս է չի աշխատում տան պատի ռադիոն, ինչպես ինքը բնորոշեց: Մինչդեռ ռադիո լսելու տիկնոջ ցանկությունն ու պահանջը մեծ է:
Լիբանանահայ Ժիրայրի պատկերացումները ռադիոյի մասին բավականին ինքնատիպ են: Նա համոզված է, որ ռադիոն ամենահայրենասեր լրատվամիջոցն է
«Ռադիոն կոմերցիոն շահ չի հետապնդում: Փողի ետևից չի գնում, իսկ դա նշանակում է, որ սկզբունքային է, հայրենասեր: Ռադիոյի աշխատողները միշտ առանձնանում են իրնեց գրագիտությամբ, մտածողությամբ և փիլիսոփայությամբ»:

Ռադիոյի տոնն արդեն 44 տարի իրենն է համարում նաև հանրապետության վաստակավոր արտիստ , մեր ավագ գործընկեր, անսպառ հումորի տեր, հաղորդավար Սարգիս Նաջարյանը: 18 տարեկանից ռադիոն նրա անդավաճան սերն ու մտերմագույն բարեկամն է:

«Հեռուստաեթերում պատկերը փրկում է, ծածկում թերությունները: Այդ առումով ռադիոն դաժան ու անողոք է: Ռադիոն չի ներում սխալները»,-ռադիոյի առանձնահատկությունն այսպես է մեկնաբանում Սարգիս Նաջարյանը: Ցավում է, որ ռադիոտիրույթում այսօր գերակշռում են զուտ ժամանցային կայանները՝ մոռացած ռադիոյի բուն առաքելության մասին՝ տարածելով անհասկանալի հայերեն և անհասկանալի երաժշտություն: Երիտասարդ ռադիոյականներին փոխանցում է պատգամը, որ ստացել է իր ավագ գործընկեր և ուսուցիչ Հրաչուհի Ջինանյանից.«Խոսեք Ռադիոյում այնպես, որ ձեզ տեսնել կարողանան»:

Back to top button