Հասարակություն

Կրթական համակարգը մշտական բարեփոխումների կարիք ունի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Դպրոց-կենտրոնների միությունը» ստեղծել է համագործակցության կարևոր մի շրջանակ, որտեղ ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, դպրոցները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները: Միության ստեղծման կարևության և կրթական համակարգում առկա խնդիրների մասին է այսօր խոսել ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը: 

Կրթական համակարգը մշտական բարեփոխումների կարիք ունի: Այդ բարեփոխումները, սակայն, ինքնանպատակ կլինեին, եթե դրանցում ներգրավված չլինեին ոլորտի փորձագետները, մանկավարժներն ու վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները: Ուստի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումեների արդյունքում դպրոց-կենտրոնների տնօրենների կողմից առաջարկվեց ստեղծել այդ դպրոցների միություն, որը պաշտոնապես գործում է 2010 թվականից:

Ամփոփելով միության առջև դրված խնդիրներն ու ձեռքբերումները`«Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ միության առաջնային խնդիրներից է ուսուցիչների միջև  մասնագիտական լավագույն փորձի փոխանակումը, ուսուցչի  էթիկայի նորմերը ձևակերպող ու ներկայացնող փաստաթուղթի ստեղծումը, ներդպրոցական վերահսկողությունը, գնահատման համակարգի ներդրումը, մանկավարժների վերապատրաստումը:

Միևնույն ժամանակ նշելով, որ ամեն բարեփոխում սկսվում է հակասություններով, Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ Հայաստանում կրթական  համակարգը նոր է ներդրվում և բնական է, որ կայացման ճանապարհին  պետք է լինեն խնդիրներ և դրան էլ միտված է դպրոց-կենտրոնների միության ստեղծումը .համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրները, գտնել խնդիրների լուծման ճանապարհներ ու ներդնել դրանցից լավագույնը:

Back to top button