Տնտեսական

Բնապահպանները չեն հավատում կառավարությանը. Սեւանի ջրբացթողման հարցը մնում է օրակարգային

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 29-ին Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի նախագիծ համաձայն որի Սեւանից լրացուցիչ բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը նախատեսում էր, որ ամեն տարի` 5 տարի շարունակ տեղի կունենան այդպիսի լրացուցիչ բացթողումներ, բայց զանգվածային բողոքներից հետո միայն մեկ տարվա ծրագիրը հաստատվեց: Այս հարցում կան մի քանի շահագրգիռ կողմեր. Կառավարությունը նշում է, որ այդ քայլով լուծելու է Արարատյան դաշտավայրի ոռոգման խնդիրները, գյուղատնտեսները բողոքում են, որ անվերահսկելի ձնարտադրությունը այդ տարածքում չորացրել է արտեզյան հորերը, բնապահպաններն ահազանգում են, որ այդ քայլով վտանգվում է Սեւանը, իսկ քաղաքացիական ակտիվիստների մի մասն էլ համոզված է, որ քայլն ուղղված է բարձրացող Սեւանից օլիգարխների սեփականությունը փրկելուն:

Արարատյան դաշտավայրի 8 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքը անապատացումից փրկելու է Սեւանը, քանի որ հանրապետության բոլոր ջրամբարները լցված են կիսով չափ: Հանրապետության նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանը նշում է պատճառը. «Միայն ջրասակավությունով է բացատրվում: Ջրի սակավություն է կլիմայական պայմաններից ելնելով, դրա համար լցվածությունը չի ապահովվում»:

Սեւանից ջրի լրացուցից բացթողման կողմնակիցները նշում են, որ կատարվել են ուսումնասիրություններ եւ Սեւանին այս դեպքում ոչինչ չի սպառնում: Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացված ոչ մի հիմնավորմանը չի վստահում, նշում է, որ 8 հազար հեկտար հողատարածքի ոռոգման խնդիրը այլ ձեւերով պետք է լուծել, ոչ թե Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելով:

Բնապահպանական փորձագետ, բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասեցիացիա ՀԿ նախագահ Էդիկ Գրիգորյանն իր հերթին` մինչեւ Սեւանա լճի ներկայիս խնդրի մասին խոսելը հիշում է. Գերմանիայում ուսանելու տարիներին ուներ մի դասախոս, ով որպես ջրի ռեսուրսների կառավարման վատ օրինակ բերում է Սեւանը:

«Անընդհատ վերադառնում ենք այս 8 հազար հեկտար հողին ու այդ թյուր կարծիքը, որ բնակլիմայական պայմանների պատճառով ջուր չկա: 2008-2013 թթ. Ընթացքում Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը միայն ձկնաբուծության նպատակով 203 լրացուցիչ ջրօգտագործման թույլտվություն է տվել: 2013 թվականին ջրառը արտեզյան ավազանից 57 խորանարդ մետր վայրկյան է կազմել: Տեղեկատվության համար նշեմ, որ Երեւան է մտնում 15 խորանարդ մետր վայրկյան ջուր, այսինքն` 1-1.2 միլիոն մարդ որ կա Երեւանում օգտագործում են 2 խորանարդ մետր վայրկյան ջուր ընդամենը»:

Սեւան Ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանն, ի դեպ` ծիծաղելի է համարում այն պնդումը, թե Սեւանից լրացուցիչ ջրառով ջրասույզ լինելուց են փրկվում որոշ մարդկանց օբյեկտները:

Սեւան Ազգային պարկի փոխտնօրենն, ի դեպ` նշում է, որ որեւէ մեկը չի կարող այսօր հաշվարկել եւ պնդել, թե լրացուցիչ ջրառից Սեւանի մակարդակը որքանով կիջնի, կբարձրանա, թե ընդհանրապես չի իջնի: Առավել վստահության համար Վահե Գուլանյանը վկայակոչում է սեւանցի լինելու փաստը: Խոստանում է. եթե տեսնի, որ Սեւանի մակարդակի հետ ինչ որ բան այն չէ, առաջինն ինքը կահազանգի:

Կարդացեք նաև
Close
Back to top button