Հասարակություն

Քաղաքագետը սպասում է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան կողմի հայտարարությանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր վերլուծելով տարածաշրջանը ճիշտ է համարում առաջին հերթին անդրադառնալ Ուկրաինայի դեպքերին, քանի որ տարածաշրջան ասվածը ընդայնվել է եւ այն ինչ կատարվում է Ուկրաինայում ուղիղ ազդեցություն ունի նաեւ Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա: Այլ կերպ ասած` հետխորհրդային տարածքում այսօր Ռուսաստանը փորձում է «ցույց տալ, թե ով է տանտերը»: Այդ քայլերից էլ մեծապես կախված են հետագա զարգացումները: Ռուսաստանին դեռ չի հաջողվել ամրապնդել իր դիրքերը, ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ի դեպ` քաղաքագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում որոշ զարգացումներ կարող են լինել նաեւ Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Քաղաքական եւ քաղաքագիտական որոշ ցուցիչներից ելնելով՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սպասում է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան կողմի հայտարարության` ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Ենթադրում է, որ այդ հայտարարությունը կհնչի առաջիկա մի քանի օրվա ընթացքում եւ հեղինակը կլինի հենց ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Իհարկե, կփորձեն Մինսկի գործընթացը պահպանել եւ, իհարկե, Մինսկի գործընթացը կփորձի պահպանել եղած իրավիճակը: Հնարավոր է, նաեւ արվեն ինչ որ առաջարկներ, բայց որոշ արձագանք այս անգամ անպայման կլինի», ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն այս ամենը պայմանավորում է աշխարհաքաղաքական «խաղի կանոնների» փոփոխությամբ: Այլ կերպ ասած` արեւմուտքը պետք է արձագանքի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերին: Ի դեպ` քաղաքագետի համոզամամբ, ստեղծված պայմաններում Ադրբեջանը եւ Վրաստանը այժմ ցանկանում են մի քիչ նմանվել Հայաստանին: Այսինքն` հնարավորության սահմաններում լավ հարաբերություններ պահպանել բոլոր կողմերի հետ:

«Մինչեւ սեպտեմբերի 3-ը փորձ էր արվում նստել միաժամանակ 2 աթոռի վրա: Չստացվեց: Հիմա փորձում են նստել մեկուկեսի վրա»:

Այսպիսի կոմպլեմենտար քաղաքականության մեջ քաղաքագետը որեւէ վատ բան չի տեսնում: Հատկապես այս պահին` ուկրաինական դեպքերի ֆոնին: Ճիշտ է համարում Հայաստանի սպասողական դիրքորոշումը. «այս ժամանակահատվածը առանց վնասվածքների պետք է անցկացնել, մինչեւ Ուկրաինայում կողմերը պայմանավորվեն»: Կողմեր ասելով այս իրավիճակում քաղաքագետը նկատի ունի նաեւ գերտերություններին եւ հուշում է, որ նույն սպասողական վիճակում են նաեւ մի շարք այլ պետություններ: Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ «այսօր խաղը գնում է Ռուսաստանի դերի ուժեղացման համար», բայց կարծում է, որ այդ դերը դեռ չի ուժեղացել:

«Ինչ որ մեկը փորձում է իրեն ավելի թանկ վաճառել, ինչպես Բելառուսը, մյուսը վախենում է, ինչպես Ղազախստանը, երրորդը փորձում է նստել գնացող գնացք` ինչպես Ղրղզստանը, ինչ որ մեկը սպասում է, ինչպես Ուզբեքստանը եւ այլ»:

Ալեքսանդր Իսկանդարյանի վերլուծություններով Ռուսաստանն այսօր ցանկություն չունի միջամտել ուկրաինական դեպքերին. համոզվել են, որ ուկրաինացիներն իրենց ուժերով էլ կքանդեն պետությունը: Առաջիկա ամիսների համար քաղաքագետը չի կանխատեսում որեւէ կայունացում Ուկրաինայի համար, դրան չեն նպաստի նույնիսկ նախագահական ընտրությունները: Ավելին` նա կանխատեսում է ճգնաժամի երկրորդ փուլ` տնտեսության կոլապս: Այն կուղեցվի 120 տոկոսով գազի գնի թանկացմամբ հաջորդ տարվա համար, դոլարի արժեքի կտրուկ աճը եւ պարենի դեֆիցիտը արդեն նկատելի է: Մի խոսքով, դե ֆակտո կամ դե յուրե երկիրը կգնա սննկացման, ենթադրում է քաղաքագետը` հավելելով. այս ամենն իր մեջ պարունակում է երկրորդ Մայդանի կրկնությունը:

Back to top button