Միջազգային

Վիեննայում մեկնարկում է ԵԽ նախարարների կոմիտեի նիստը. օրակարգում Ուկրաինայում իրավիճակն է

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հանդիպում են Վիեննայում, որտեղ էլ տեղի կունենա ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Հանդիպումը նախագահում է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրզը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։ Քննարկման օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` Եվրոպայի խորհրդի արժեքներն ու կայունությունը Եվրոպայում արդի մարտահրավերները Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վիճակը, որի մասին զեկույց է ներկայացնելու ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ինչպես նաև Եվրոպայում ստեղծված ներկայիս ճգնաժամը։ Օրակարգի հարցերից են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ և երկարաժամկետ գործունեության ապահովումը, ԵԽ-ի և Եվրամիության միջև համագործակցությունը։

Նախարարների ուշադրության կենտրոնում է լինելու նաև Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը, իրավիճակի դիվանագիտական լուծման հնարավորությունները։ Ակնկալվում է, որ հիմնական քննարկումները կվերաբերեն հենց ուկրաինական խնդրին: ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու համար Վիեննա են ժամանել նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի մասնակցում նախարարական նիստին։
Նշենք, որ Նախարարների կոմիտեի նիստի ավարտից հետո Ավստրիան կավարտի ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը՝ այն հանձնելով Ադրբեջանին։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը ուժի մեջ կմտնի մայիսի 14-ից՝ 6 ամսով։

Back to top button