Հասարակություն

Նույնիսկ ԽՍՀՄ կազմում հնարավոր էր վարել հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն. Ջոն Կիրակոսյանի 85- ամյակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանրահայտ պատմաբան, միջազգայնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստը, որը վարել է բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիսավոր նիստին ուսանողներից և դասախոսներից բացի մասնակցել են նաև գիտնականներ և պրոֆեսորներ նաև այլ կառույցներից: Նիստից հետո համալսարանում բացվել է  Ջոն Կիրակոսյանի անունը կրող լսարանը:

Ջոն Կիրակոսյանն այսօր կդառնար 85 տարեկան: 20-րդ դարի հայտնի պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան հոբելյանի առթիվ Մայր բուհում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացնելով  Ջոն Կիրակոսյանի  անցած ուղին` նշեց, որ հայտնի պատմաբանն առաջին հերթին առանձնանում էր իր խիզախությամբ:

Ջոն Կիրակոսյանի քաղաքական հայացքները սկսել են ձեւավորվել անցյալ դարի 50-ական թթ. վերջերին եւ 60-ական թթ. սկզբին: Նա իր գործունեությունը նպատակաուղղեց ոչ միայն պատմական արժեքներ ստեղծելուն, այլեւ ստալինյան ժամանակաշրջանից հետո ազգային գաղափարախոսության ձեւավորմանը: Նա անհրաժեշտություն էր համարում դրա մշակումը, որը պետք է հիմնված լիներ ոչ միայն առողջ մտածելակերպի, ազգային նոր մոտեցումների եւ հայրենասիրության վրա, այլեւ պետք է ուղղված լիներ անկախության գաղափարի ձեւավորմանը, ժողովրդին ինքնուրույնությանն անցնելու նախապատրաստմանը:

Թեեւ նա արտահայտվում էր Խորհրդային Միության փլուզման անհնարինության մասին, սակայն երբեք չի հրաժարվել կամ անտեսել Հայաստանի անկախ գոյության հնարավորությունը, հիշում է որդին` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի գիտական ժառանգությանը՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն էլ նշեց, որ նա Հայաստանում պատրաստված այն առաջին միջազգայնագետներից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ ԽՍՀՄ կազմում հնարավոր է մշակել և վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն:

Ջոն Կիրակոսյանի գրչին են պատկանում բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածներ ու գրքույկներ` նվիրված միջազգային քաղաքականությանը, հայ ժողովրդի քաղաքական պատմությանը, հայկական հարցի դիվանագիտության պատմությանն ու ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Նշենք, որ օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը եւ «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն՝ նվիրված նրա ծննդյան հոբելյանին եւ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովածուն կազմել եւ խմբագրել է Ջոն Կիրակոսյանի որդին` դեսպան Արման Կիրակոսյանը:

Back to top button