ԿարևորՔաղաքական

Կալիֆորնիան ըստ ամենայնի կդառնա ԱՄՆ հինգերորդ նահանգը, որը ճանաչում է ԼՂՀ

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Երկու օրից Կալիֆորնիան ըստ ամենայնի կդառնա ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկուշաբթի նահանգային խորհրդարանի կանոնադրական հանձնախումբը ձայների 9 կողմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ, քվեարկեց այդ մասին բանաձևի օգտին: AJR 32 թվագրված բանաձևում ասվում է, որ Կալիֆորնիան աջակցում և խրախուսում է Արցախի շարունակական ջանքերը` զարգանալ իբրև ազատ ու անկախ պետություն: Փաստաթղթում նաև կոչ է ուղղված ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` աջակցել ԼՂՀ ինքնորոշման ու ժողովրդավարական անկախությանը:

ՀԴՀ-ի նախաձեռնությամբ, նահանգի հայ ընտրողները կապվել են իրենց տարածքի կոնգրեսականների հետ, հորդորել քվեարկել հանուն ճշմարտության: Ճշմարտության օգտին արագ կողմնորոշվելու գործում խորհրդարանականներին օգնել են բանաձևը տապալելու եկած 40 ադրբեջանցիները: Նրանք իրենց հետ բերել, ավելի ճիշտ` վարձել են մի քանի հրեայի, ովքեր վկայել են, թե որքան խաղաղասեր ու հանդուրժող պետություն է Ադրբեջանը: Վերացական ու ակնհայտ գնված այդ գովասանքի փոխարեն, Կալիֆորնիայի խորհրդարանականները նախընտրել են հավատալ ադրբեջանական ագրեսիան իր մաշկին զգացած Ալինա Նալբանդյանին, ով Շահումյանի շրջանից հազիվ է փախել ազերիների գազանություններից ու ապաստանել Կալիֆորնիայում:

Արցախի հանրապետության ճանաչման բանաձևը ներկայացվել է խորհրդարանական Մայք Գաթոյի կողմից, ում միացել են Խաչո Աչաջյանը, Ադրին Նազարյանը, Շերիլ Բրաունը և Սքոթ Ուիլքը: «Կալիֆորնիայում այսօր ապրում են տասնյակ հազարավոր հայեր, ովքեր փախել են Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի ջարդերից: Այդ ջարդերը սկիզբն էին Ադրբեջանի 20-ամյա ագրեսիայի, որի ընթացքում Ադրբեջանը տանուլ տվեց Լեռնային Ղարաբաղի դեմ իր իսկ սանձազերծած պատերազմը, հետագայում իր նավթային կարողությունն ուղղեց ռազմական արսենալը հարստացնելուն, որը մտադիր են կրկին ուղղել քրիստոնյա մի ժողովրդի դեմ, որն այդ հողում ապրում է հազարավոր տարիներ և այսօր կերտել է ազատ պետություն: Ես Արցախի ազատասեր ժողովրդի կողքին եմ և կլինեմ այնքան, քանի դեռ Արցախը չի ճանաչվել»,- նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանական Սքոթ Ուիլքը:

AJR 32 բանաձևը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը կներկայացվի մայիսի 8-ին:

Back to top button