Երեւանի քաղաքապետարանը 20 մլն դրամ կհատկացնի թեքահարթակների համար


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ավելի հարմարավետ մայրաքաղաք ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև հաշմանդամների համար, այսպիսին է Երեւանի քաղաքապետարանի մոտեցումը վերջիններիս խնդիրներին, որոնց մի մասի լուծումները, քաղաքապետի օգնական Սամվել Մերթաջյանի տեղեկացմամբ, կտրվեն մինչև տարեվերջ:
2013 թվականին հատկացված 20 միլիոն դրամի շնորհիվ մայրաքաղաքում կառուցվել է 81 թեքահարթակ, իսկ այս տարի նախատեսվում է ավելացնել և դրանց թիվը, և կրկնապատկել ֆինանսավորումը: Ընտրվել է 200 հասցե, որտեղ կկառուցվեն թեքահարթակներ: Որոշ չափով կլուծվի թեքահարթակների խնդիրը, իսկ մինչև տարեվերջ էլ հաշմանդամները կունենան հարմարավետ փոխադրամիջոցներ: «Նախատեսված է 10 ավտոբուսների հարմարեցում: Այս տարվա համար ինքը բավականին թանկարժեք ծրագիր է: 30 միլիոն դրամ քաղաքապետարանը բյուջեից հատկացրել է այդ գործընթացի համար»:
Քաղաքապետի օգնականի խոսքով` 12 վարչական շրջաններում տեղադրված է առաջարկների տաղավար, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել քաղաքը հարմարավետ դարձնելու հետաքրքիր առաջարկներ,լավագույններին կտրվեն լուծումներ: Սակայն հաշմանդամների խնդիրը ոչ միայն հասարակական է, այլև մշակութային և սոցիալական է:
Քաղաքապետարանը համագործակցում է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որն էլ զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմամբ: Փոքրիկների բուժումը լիարժեք դարձնելու համար քաղաքապետարանի աջակցությամբ բուժման կուրսին կավելանա նաև արտթերապիան: Կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանի խոսքով` բուժման այս տեսակից կօգտվեն 17 փոքրիկներ, ովքեր ապրում են ոչ լիարժեք ընտանիքում և ունեն բուժման կարիք։
Ծրագրի տևողությունն 8 ամիս է, երկու ամսվա բուժման ծախսերը հոգում է պետությունը, իսկ 6 ամսվանը` քաղաքապետարանը: Ծրագիրը կմեկնարկի մայիսի 15-ին։