Միջազգային

Եվրոպայում ՆԱՏՕ — ի ուժերի հրամանատարը քիչ հավանական է համարում ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ուժերի գլխավոր հրամանատար  գեներալ Ֆիլիպ Բիդլավը հայտարարել է, որ հավանական չի համարում ռուսաստանյան զորքերի մուտքը արևելյան Ուկրաինայի տարածք: «Չեմ կարծում, թե գործողությունների առավել հավանական ընթացքն այդպիսին է», -ասել գեներալը ելույթ ունենալով սպառազինությունների հարցերին նվիրված Օտտավայում հրավիրված խորհրդաժողովում: Նրա կարծիքով Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում կարող է հասնել իր նպատակներին սահմանը չհատելով զինված ուժերով: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գերմանական «Ալգեմայնե Ցայթունգ» պարբերականի  թղթակցին ասել էր, որ «Ռուսաստանն այժմ իրեն ավելի շատ պահում է որպես հակառակորդ քան գործընկեր»: Նա զգուշացրել էր Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի հնարավոր ապակայունացումից և միաժամանակ ընդգծել, որ ՆԱՏՕ-ն չունի ռազմական լուծումներ ուկրաինական ճգնաժամի համար: Ռասմուսենը նաև կոչ էր արել ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին մեծացնել ռազմական ծախսերը: Նշենք, որ Ուկրաինայում իրավիճակը սրվելուց հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը Արևելյան Եվրոպայում` ռուսաստանյան սահմանին աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում:

 

Back to top button