Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է ևս 27 միլիոն դոլար տրամադրել սիրիական ընդդիմությանը


Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է ևս 27 միլիոն դոլար տրամադրել սիրիական ընդդիմությանը, տեղեկացրել են ամերիկյան պաշտոնատար անձինքն լրագրողների համար հեռախոսով անցկացված ճեպազրույցում: Արդյունքում Սիրիայում չափավոր ընդդիմությանը տրամադրված ամերիկյան օգնության ծավալը կկազմի 287 միլիոն դոլար: Վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ սիրիական ընդդիմությանը լրացուցիչ միջոցներ տրամադրելու հարցն արդեն քննարկվում է ԱՄՆ կոնգրեսում: Օբամայի վարչակազմը նաև որոշել է բարձրացնել սիրիական ընդդիմության կոալիցիայի վաշինգտոնյան գրասենյակի կարգավիճակը, որին 2012 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները ճանաչել է որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Գրասենյակի վրա կտարածվեն օտարերկրյա առաքելությունների վերաբերյալ ամերիկյան օրենսդրության որոշ դրույթներ, որոնք կարգավորում են արտասահմանյան դեսպանությունների գործունեությունը և միջազգային պայմանագրերի համաձայն տալիս են նրանց որոշակի իրավունքներ և պարտականություններ: Ամերիկյան պաշտոնյաների կարծիքով, ընդդիմության ուժեղացումը կստիպի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել իշխանությունից: Պատասխանելով լրագրողական հարցին, թե չի դժվարացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործացությունը Սիրիայի հարցում, վարչակազմի ներկայացուցիչները պատասխանել են. «Ռուսաստանը նախկինի պես կարող է լինել կարևոր գործընկեր: Չնայած Ուկրաինայի հարցում եղած տարաձայնություններին, մենք շարունակում ենք միասին աշխատել սիրիական քիմիական զենքի ոչնչացման վրա»: