Մշակույթ

«Արվեստների պատկերասրահը» մեկնարկում է 10- րդ անգամ

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կմեկնարկի «Արվեստների պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը։ Այս տարի եւս փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության գլուխգործոցներ՝ հայ եւ օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին:

Ազգային պատկերասրահի որմնանկարկների բաժինն այսօր մարդաշատ էր, Հայաստանի պետական կամերային նվագախումբը ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, սկսել էր փորձը՝ վաղվա համերգից առաջ: Արդեն 10 տարի է, ինչ գարունը նշանավորվում է նաեւ հայ արվեստասերների համար հիշարժան փառատոնով: «Արվեստների պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի առանձնահատկությունն այս անգամ կլինի մշակույթների խաչմերուկը»,- ներկայացնելով փառատոնի ծրագիրը ՝ասաց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: Կարեւորելով փառատոնի անցկացման վայրի ընտրությունը՝ նա նկատում է, որ երաժշտության ներքո բոլոր կտավները կարծես շունչ են առնում։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոր Միրզոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին եւ տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում պատկերասրահն ունեցել է ավելի քան 20 հազար այցելու։

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում հրավիրված ասուլիսում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը նշեց, որ «տասը տարին փոքր թիվ չէ, այն արդեն կենսագրություն ունեցող փառատոն է: Այս ամենը շարունակական չէր լինի, եթե չլիներ մեր գլխավոր հովանավորը, ինչես նաև 2008 թվականից փառատոնին ուղղված պետական աջակցությունը»։

Back to top button