Հասարակություն

Շախմատը՝ երեխայի ինտելեկտն ու հոգեկան ներաշխարհը զարգացնելու միջոց

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դպրոցներում շախմատ առարկայի դասավանդման, դրա կարևորության ու մանկավարժների մասնագիտական մոտեցման մասին են այսօր խոսել ուսումնական հաստատություններում շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավար Ռուբեն Աղուզումցյանն ու Շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, մանկավարժական համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը: Կարևորելով առարկայի դասավանդումը պետականորեն, շախմատի մասնագետները նկատել են, որ շախմատը ոչ այնքան սպորտաձև է, որքան միջոց՝ զարգացնելու երեխայի ինտելեկտն ու հարստացնելու նրա հոգեկան ներաշխարհը: 

Շախմատի ներխուժումը դպրոց շատ կարևոր քայլ էր, ու թեև Հայաստանը միակը չէ, որի դպրոցներում դասավանդում են շախմատ առարկան, բայց առաջինն էր, որտեղ շախմատի դասավանդումը դարձավ պարտադիր ու ամրագրվեց օրենքով, լրագրողների հետ զրույցում նշեց ուսումնական հաստատություններում  շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավար Ռուբեն Աղուզումցյանը: Կարևորելով առարկայի դասավանդումը պետականորեն` Ռուբեն Աղուզումցյանը նաև նկատեց, որ շախմատը նաև ազգային խաղի պես մի բան է դարձել: Եթե մինչև հիմա բակերում հիմնականում խաղում էին նարդի, ապա հիմա ավելի հաճախ խաղում են շախմատ

« Ինչն է պատճառը: Շախմատը որպես ինտելեկտուալ խաղ շատ համապատասխանում է հայկական մտածելաձին: Մեր ազգը բավականին ծանր կյանք է ունեցել, ինչը բերել է նրան, որ մեր միտքը բավականին ճկուն է»:

Բացի այդ շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավարը կարծում է, որ շախմատը ոչ այնքան սպորտաձև է, որքան միջոց զարգացնելու երեխայի ինտելեկտն ու հարստացնելու նրա հոգեկան ներաշխարհը:

«Շատ կարևոր էր , որ հենց սկզբից հասկացվեց, որ շախմատի դասավանդումը չի հետապնդում սպորտային տվյալներ, այլ հետապնդում է զարգացում»:

Ինչ վերաբերում է դասավանդման հմտություններին, ապա այն թերևս ամենակարևորն է առարկայի դասավանդման գործում, նկատեց Շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար Սամվել Միսակյանը, հավելելով, որ ուսուցիչների մի մասը վերապատրաստված մանկավարժներ են, մի մասն էլ շախմատիստներ ու դա է պատճառը, որ 2-ի դեպքում էլ առաջանում են խնդիրեր:

«Մեր կառավարության ու մանկավարժական  համալսարանի որոշումով այսօր մանկավարժական համալսարանում պարտադիր դասավանդվում է շախմատ առարկան և արդեն 2-րդ տարին է շախմատի ուսուցիչներ ենք պատրաստում»:

«Ռադիոլուրի» հարցին , թե արդյոք առարկայի դասավանդումը  միևնույն մակարդակի վրա է ողջ հանրապետությունում, Սամվել Միսակյանը պատասխանեց, որ ինչպես շատ առարկաների, այնպես էլ շախմատի դեպքում շատ տարբեր է պատկերը, բայց քանի որ մասնագետների հիմնական կորիզը Երևանում է, հետևաբար ամենաուժեղ երեխաները Երևանում են, թեև իրենց շախմատային առաջադիությամբ մայրաքաղաքին չեն զիջում  նաև Գյումրու, Վամաձորի և Սյունիքի մազրերը:

Back to top button