Տնտեսական

Ձկնարտադրողները պատրաստում են օրինախախտ պաշտոնյաների ցուցակ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօր հայտարարել է, որ պատրաստում են այն պաշտոնյաների ցանկը, որոնք չարաշահումներ են թույլ տվել ձկնարտադրության թույլտվություններ շռայլելով։ Այսօր Արարատյան դաշտավայում ոռոգման ջրի հետ կապված խնդիր է առաջացել, արտեզյան հորերը սպառվում են: Կառավարության նախապատրաստած քայլերից ձկնարտադրողներն արդեն հասկացել են, որ այդ տարածքում իրենց բիզնեսին արդեն վտանգ է սպառնում: Հույս ունեն, որ բոլոր տարաձայնությունները հնարավոր կլինի լուծել նոր կառավարության հետ։ 

 

Մոտ ապագայում հանրապետությունում կթանկանա ձկան գինը, «որովհետեւ հարկերն ու տուրքերն այնքան են ավելանում, այնքան է արտադրությունը բարդանում, որ պետք է թանկանա, որ նրանք գոյատեւեն»,- այսօր հայտարարեց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Ձկնարտադրողներն իրենց խնդիրների մասին այս պահին են բարձրաձայնում, որովհետեւ նոր հույսեր ունեն նոր կառավարությունից: Բացի այդ՝ ոլորտում փակ շղթա է գոյացել։ Մի կողմից օրինական թույլտվություն են ստացել Արարատյան դաշտավայրում աշխատելու (ձկնարտադրության դեպքում օգտագործվում է ջրի պաշարների 60 տոկոսը), մյուս կողմից՝ նույն տարածքի գյուղատնտեսներն են բողոքում. ոռոգման ջրի պակաս է, արտեզյան հորերն արդեն սպառվում են, տեղի է ունենում հողերի անապատացում:

Խնդիրը լուծելու համար կառավարությունը որոշել է ջօգտագործման ծավալներն աստիճանաբար պակասեցնել: Սկզբնականում 1/3-ով է պակասեցվում, հետագայում կրկին կնվազեցվի նույն չափով: Հենց այս որոշումը դուր չի եկել ձկնարտադրողներին: Նշում են, որ ինքնագլուխ որեւէ մեկը չի կարող օգտագործել պետական սեփականությունը, ուրեմն ստացել են թույլտվություններ, դրանից հետո էլ տնտեսվարողները բանկերից վերցրել են վարկեր` բիզնեսի զարգացման համար: Այդպես չեն վերաբերվում տնտեսվարողներին, ասում է Արթուր Աթոյանը։

Ձկնարտադրողները մի քանի ցանկություն ունեն. նախ՝ համագործակցել նոր կառավարության հետ, երկրորդը` մասնագիտական վերլուծությունների միջոցով գտնել ջրի խնայողության ձեւերը եւ երրորդը` ուզում են հասկանալ, թե ինչ է պետությունն իրենց առաջարկում որպես փոխհատուցում, եթե փակում է բիզնեսի ճանապարհը: Իսկ ինչ կասի Արթուր Աթոյանը տարածված այն տեսակետի մասին, թե  ձկնարտադրողներն այս պահին դժգոհում են, որովհետեւ սպասվող փոփոխությունները կնվազեցնեն շահույթը այն աստիճանի, որ գերշահույթի փոխարեն այլեւս կստանան պարզապես շահույթ: «Գերշահույթ ստացել են ձկնարտադրական տնտեսությունները, երբ մի 15-20 տարի առաջ 350 կամ 400 դրամ կազմել է 1 կգ ձկնամթերքի ինքնարժեքը, բայց շուկայում վաճառվել է ասենք, 3500 կամ 4 հազար դրամ: Հիմա մենք այդպիսի շահույթների մասին մտածելու իրավունք չունենք պարզապես»։

Թեեւ հստակ թվեր Արթուր Աթոյանն իր ձեռքի տակ չունի, բայց ներկայացնում է, որ 170-ից 180 գործող ձկնարտադրության ձեռնարկություններից 8-ը 2013 թվականին արդեն փակվել են: Նշում է, որ կործանման եզրին են շատերը, եթե հստակ քայլեր չձեռնարկվեն ձկնարտադրողների շահերը պաշտպանելու համար:

Back to top button