Միջազգային

Հալեպի հայ ավետարանչական համայնքի ղեկավարը ընդհանրություններ է տեսնում Սիրիայում եւ Ուկրաինայում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Սիրայում ահաբեկչություններ իրականացնողներն ովքեր իրենց համարում էին ընդդիմադիրներ ամենևին ընդդիմադիրներ չէին, քանի որ քաղաքացու իրավունքն ու ժողովրդավարական արժեքները նրանց համար տեղ չունեն>,- խոսելով սիրական զարգացումների մասին այսօր ասել է Հալեպի  հայ ավետարանչական համայնքի առաջնորդ Հարություն Սելիմյանը:  Իսկ սիրիական բանակը երբևէ հարձակողական  չի եղել այս ընթացքում, այլ միշտ պաշտպանվողի դիրքերում էր, նկատել է նա։

Ուկրաինական զարգացումները կարծես լուսանցքում են թողել  Սիրիան: Միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Սլավյանսկում, Օդեսայում և ուկրաինական այլ քաղաքներում կատարվող իրադարձությունների վրա:  Առջևում` մայիսի 25-ին, նախագահական ընտրություններն են նախատեսված այդ երկրում, ինչը նշանակում է, որ հարաբերական հանդարտություն կլինի Սիրիայում: Հալեպի  հայ ավետարանչական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեկ ամբողջություն համարեց  ու նշեց, որ այն, ինչ կատարվում է, երրորդ համաշխարհային պատերազմ է։ «Քանի որ հնարավոր չէ մի քանի տեղ պատերազմ վարել, դրա համար Սիրիայում դադարել է  ու տեղափոխվել Ուկրաինա: Քանի որ ուժերը և կենտրոնացումը կգնա Ուկրաինա, Սիրիայի պատերազմի հանգրվանի մասին հայտարարություն կարվի»,- կարծում է վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Հալեպի  հայ ավետարանչական համայնքի առաջնորդը խոսելով տեղի հայերի սոցիալ- տնտեսական  վիճակի մասին նախ ասաց, որ տեղում մնացել է  20 հազար հայ, մոտավորապես հազարից ավելի հայեր Սիրիայից եկել են Հայաստան, մյուս մասը՝ Լիբանան: Իսկ Սիրիայում մնացած հայերի վիճակը բնականաբար վատ է, քանի որ աշխատանք չունեն։

Ի դեպ՝ Հայաստան տեղափոխվածների մեջ կան այնպիսիք, ովքեր խնայողություններ ունեն ու այստեղ իրենց  լավ են զգում, և կան սիրիահայեր, ովքեր դատարկաձեռն են հասել Հայաստան ու աշխատանք չունենալու պատճառով վատ վիճակում են:

Հարություն Սելիմյանը կասկած չունի, որ Սիրիայի ազգային բանակը կվերադարձնի Քեսաբը, սակայն հարցն այն, թե  ինչ վիճակում այն կվերադարձվի։ Նա մտավախություն ունի, որ հայերը կհրաժարվեն վերադառնալ Քեսաբ, եթե այն ավերված լինի:

 

Back to top button