ԿարևորՔաղաքական

Ինչպես Կոսովոյի դեպքում. ԼՂ- ն պետք է ճանաչվի, հայտարարում են եվրապատգամավորները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մեզ համար ամենակարեւոր հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է, այսօր Երեւանում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ինակիլ Ֆերնանդեսը: Նա Հյուսիսային Իսպանիայում գտնվող Բասկերի երկրից է եւ վերջին օրերին այցելել է Լեռնային Ղարաբաղ: Լրագրողների հետ կիսելով իր տպավորությունները ղարաբաղյան այցից՝ Ինակիլ Ֆերնանդեսը շեշտել է, որ իր ներկայացրած կուսակցությունը երկար ժամանակ պայքարել է Բասկերի երկրի ինքնուրույնության համար, հետեւաբար` շատ հստակ դիրքորոշում ունի բոլոր այն խնդիրներում, որոնցում առկա է պայքարը հանուն ինքնորոշման:

Աշխարհի բոլոր ժողովուրդների համար ամենակարեւոր խնդիրն ինքնորոշման հարցն է, հայտարարեցին Բասկերի երկրից ժամանած հյուրերը` Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի անդամ, Եվրոպական ազատ ալիանսի ներկայացուցիչ Ինակիլ Ֆերնանդեսը եւ Իսպանիայի խորհրդարանի անդամ, Արալար կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ինարիտուն:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ինակիլ Ֆերնանդեսը շեշտեց, որ իրենք երկար տարիներ պայքարել են Բասկերի երկրի ինքնուրույնության համար եւ նույնն անելու են ԼՂ-ի ժողովրդի համար, քանզի կարծում ենք, որ ինքնորոշումը ժողովրդավարական ամենակարեւոր իրավունքն է: «Կարծում եմ՝ Եվրախորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման հարցը բարձրացնելը ինչ-որ չափով կլինի առաջին քայլ: Նախաձեռնություններ պիտի լինեն բոլոր կողմերից, նաեւ` Մինսկի խմբից: Խնդրի կարգավորման մեջ դրական ազդեցություն կարող է լինել, երբ դրան մասնակցի ԼՂ ժողովուրդը` ժողովրդավարության չափանիշերին համապատասխան ընտրված իշխանություններով եւ կարգավորման գործընթացում կարեւորվի ազգերի ինքնորոշման իրավունքի գործոնը»։

Ի պատասխան դիտարկմանը, որ ԼՂ այցելած եվրոպացի գործիչները, սովորաբար, Ադրբեջանում հայտարարվում են ոչ ցանկալի անձ` բանախոսը հայտարարեց, որ իր կուսակցությունը շատ հստակ դիրքորոշում ունի բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են ազգերի ինքնորոշմանը եւ իրենք ամենեւին էլ չեն վախենում, թե Ադրբեջանում հնարավոր է, որ իրենց ներառեն սեւ ցուցակում։

Իր հերթին Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինարիտուն ասաց, որ, իրենք կարծում են, որ ազգերի ինքնորոշումը ժողովրդավարության ամենակարեւոր իրավունքն է, ապա հավելեց, որ ԵԽ-ն ունի բանաձեւեր ու իրենք հենց այդ բանաձեւերն են կատարում` այցելելով Լեռնային Ղարաբաղ: «Պետք է ասեմ, որ ԼՂ այցը մեզ համար բավականին հետաքրքիր էր: Մենք տեսանք ժողովրդավարական արժեքներ ունեցող երկիր, որը ձգտում է նոր արժեքների եւ դա ավելի լավ է անում, քան ԵԽ մաս կազմող որոշ երկրներ»։

Եվրոպացի պատգամավորները շեշտեցին, որ ԼՂ-ն պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, ինչպես օրինակ` Կոսովոյի դեպքում եղավ: Ըստ նրանց` դրան հասնելու համար ԵՄ-ն ինքն էլ պետք է ակտիվ լինի:

Back to top button