Արցախյան պատերազմի մասին պատմող «Թեւանիկ» ֆիլմի պրեմիերան՝ այսօր


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Եվս մեկ ֆիլմ արցախյան պատերազմի մասին: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Մանկական երեք խեղված ճակատագրեր: 81 րոպեանոց ֆլմի ասելիքը մեկն է ՝ ոչ պատերազմին: Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Պրեմիերայից առաջ «Թևանիկ»-ի ստեղծագործական խմբի անդամներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:
Պատերազմը միայն տանկեր, ծխացող գյուղեր ու քաղաքներ չեն, դա նախևառաջ մարդկային ճակատագրեր են, որբացած երեխաներ, խեղված մանկություն: «Թևանիկ» ֆիլմում Ջիվան Ավետիսյանն արցախյան պատերազմը ներկայացնում է երեք երեխաների ողբերգությամբ: «Ֆիլմը երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որի միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին»,-ասում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը.«Ես ինքս կորցրել եմ իմ մանկությունը պատերազմի հետևանքով և ուզում է այս ֆիլմի միջոցով ասել, որ դատապարտում եմ պատերազմը»:
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, որը գրվել էր 90-ականներին ու մնացել թղթի վրա: Աշխատանքը շարունակել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ով սցենարն ընդարձակել է ևս երկու պատանիների պատմություններով և կարճամետրաժ ֆիլմի սցենարը վերածել լիամետրաժ ֆիլմի սցենարի:
«Թևանիկ»-ի երաժշտությունը գրել է Յունաս Յուրկունասը, ինչի առիթով ադրաբեջանական կողմն արդեն հասցրել է հոխորտալ ու բացատրություն պահանջել լիտվական կողմից: Բայց հոխորտանքներն առանձնապես լուրջ շարունակություն չեն ունեցել: Ավելին, ֆիլմի համապրոդյուսեր լիտվացի Կեստուտիս Դրազդաուսկասն այսօր ընդգծեց, որ ստեղծվել է հրաշալի ֆիլմ և կցանկանար, որ այն դիտեին հնարավորինս շատ մարդիկ.«Ես կարծում եմ, որ ֆիմը հետաքրքիր է ոչ միայն հայկական, այլև միջազգային համատեքստում: Հենց այս պատճառով էլ ես մասնակցում եմ այս նախագծին: Հետաքրքիր է հատկապես ֆիլմի ձևաչափը՝ երեք տարբեր պատմություններ միաժամանակ: Հետաքրքիր այդ ամենին հետևել էկրանի վրա»:
Ռիժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում, որտեղ անցյալ տարի ներկայացրել էր իր «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որը և առիթ էր հանդիսացել , որ լիտվական «Արտբոքս» կինոընկերությունը հետաքրքրվի նրա աշխատանքներով և որպես համաարտադրող մասնակցի «Թևանիկ»-ի ստեղծմանը: Ռեժիսորը հույս ունի, որ «Թևանիկ»-ի ցուցադրությունը Կաննում համագործակցության հնարավորություններ կստեղծի իր նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար: